Համբերությունը, թերևս, պահքի ընթացքին ամենաանհրաժեշտ «կերակուրներից» մեկն է։ Եթե չլինենք համբերատար ինքներս մեր, մեզ շրջապատողների և վրա հասած փորձությունների ու նեղությունների հանդեպ, շատ դժվար պիտի անցկացնենք մեր պահքը և հնարավոր է անգամ խախտենք այն։ Տեսե՛ք, թե ինչ է ասում Սուրբ Հակոբոս առաքյալը. «Իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք» (Հակ. 1։3-4)։ Հավատացեք, սիրելիներ, պահքի ժամանակ, երբ փորձում ենք հավատքով ու սրբությամբ հաղթել սատանային ու հաղթահարել հոգևոր խնդիրները, նենգ թշնամին ավելի է զորանում ու պայքարում է մեր համբերատարության դեմ, որովհետև եթե համբերատարությունը կոտրվի դրա հետ միասին կկոտրվեն պահքը, աղոթքը, պայքարը...
Այս գայթակղությանը չտրվելու համար, եկեք ընթրցենք օրվա ընթերցվածից հոգին ցնցող մի հատված՝ մարգարեություն Տեր Հիսուս Քրիստոսի և նրա համբերատարության մասին.
Այս գայթակղությանը չտրվելու համար, եկեք ընթրցենք օրվա ընթերցվածից հոգին ցնցող մի հատված՝ մարգարեություն Տեր Հիսուս Քրիստոսի և նրա համբերատարության մասին.
«Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար: Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար, նա մորթուելու տարուեց եւ, ինչպէս գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուեցին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրինութիւնների պատճառով նա մահուան մատնուեց:» (Ես. 53։2-8)։Եթե մեր Տերը, անմեղ լինելով, անմարդկային այսպիսի չարչարանքներ վերցրեց իր վրա, որպեսզի մենք փրկվենք, որքան ևս առավել մենք ինքներս ջանք պիտի թափենք համբերությամբ տանելու այն նեղությունները, որոնք «որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ» կրում ենք այս կայնքում։
Այսօր աղոթենք Ներսես Լամբրոնացու՝ Միածին Որդուն ուղղված աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք...
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: