1.3.17

ՀՈԳԵՎՈՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 3)


Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները երկուսն են՝

Այս ընթերցումներից վերջինը Հովել մարգարեն սկսում է բոլորիս Աստծո անունից ծոմի հրավիրելով 
(ծոմը շատ խիստ պահեցողության մի տեսակ է, որով մարդը հրաժարվում է ամեն տեսակ ուտելիքից և ըմպելիքից).

«Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծոյ տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14):
Տեսեք, մարգարեն խոսում է պահքի երկու երեսների՝ սննդային պահքի (ծոմ) եւ հոգևոր պահքի (աղոթք) մասին: Սակայն այս պահեցողությունը կատարյալ դարձնելու ևս մեկ հրահանգ է տալիս՝ հավաքվել և համախմբել երկրի բոլոր բնակիչների հետ Աստուծո տան մեջ:

Նկատե՞լ եք, որ աշխարհը օրըստօրե մարդուն ընկմում է միայնության, եսասապաշտության ճահիճի մեջ: Մարդը, որ հասարակական արարած է, այսօր ունի հազարավոր միջոցներ իր նմանի հետ հաղորդակցվելու, բայց միևնույն է, միշտ մնում է եսակենտրոն, ինքն իր մեջ պարփակված՝ մշտապես ձգտելով լինել ոչ թե հասարակության մի մասնիկը այլ՝ «բացառիկություն»... Նույնը նկատելի է նաև հոգևոր ասպարեզի մեջ. «Ինչո՞ւ եկեղեցի չեք գալիս» հարցին հաճախ տրվում է միևնույն պատասխանը «Ես իմ տանը ինձ համար աղոթքում եմ, եկեղեցու պետքություն չունեմ», «Հավատո՞ւմ ես Աստծուն» հարցին հաճախ անդրադարձնում են «Ես ու իմ Աստված. ես իմ հավատքն ունեմ, իմ ձևով եմ հավատում»...

Իրականում այս մտահանգումները բոլորովին խորթ են քրիստոնեությանը: Քրիստոնեությունը հավաքականության և միասնականության հավատք է: Ի՞նչ է եկեղեցին: Շատերի համար քարե մի կառույց՝ գմբեթավոր տանիքով և խաչով: Եկեղեցին, սակայն, շինություն լինելուց առաջ նախ Քրիստոսի մարմինն է (Եփես. 1:23) և մենք, մեզանից յուրաքանչյուրս, այդ մարմնի անդամներն ենք: Որևէ անդամ, որ Քրիստոսինն է, չի կարող և չպետք է իրեն անջատի այդ Մարմնից, այլ պետք է մշտապես ապրի որպես Մարմնի մի մասնիկ՝ հոգևոր միասնականության մեջ: Եկեղեցին Քրիստոսով հավաքված հավատացյալների միությունն է, ժողովուրդն ինքն իսկ Եկեղեցի է, դրա համար Տեր Հիսուս շատ հրաշալի կերպով մատնանշում է. «Ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:20): Իսկ հիմա պատկերացրեք, որ 10, 100, 1000, 10.000, 100.000, 1.000.000 մարդ հավաքվի Հիսուսի անունով և «անկեղծ սրտով աղոթի»... Առաջին դարի եկեղեցին ճիշտ այդպիսին էր՝ . «Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր» (Գործք 4:32):

Սիրելիներ, Մեծ պահքի այս միջոցին Աստված մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ եսակենտրոնության, հոգևոր եսասիրության սենյակից, դուրս գալ և քայլել դեպի եկեղեցին՝ Աստծո տունը, պաշտելու մեր Երկնավոր Հորը նաև միասնաբար, խոսք խոսքի, ձայն ձայնի տված և վայելելու Նրա ուրախալի ներկայությունը: Գրեթե յուրաքանչյուր եկեղեցի այս օրերին շաբաթական մի քանի անգամ աղոթք է կազմակրպում, ամեն կրրակի՝ Պատարագ, որպեսզի հավաքի իր հավատացյալներին Աստծո տան մեջ: Մի հապաղեք հետաքրքրվել, գնալ, մասնակցել, աղոթել մյուս քույր և եղբայրների հետ, այդպիսվ ձեր սկսած պահքը և աղոթքը ավելի կատարյալ վիճակի բերելով՝ հոգևոր միասնանությամբ:


Այսօր եկեք աղոթենք քրիստոնյաներիս միասնականության եւ Քրիստոսի Եկեղեցու զորացման համար՝ հիշելով, որ այդ զորացման գրավականը մեզանից յուրաքանչյուրի գործուն ներկայությունն է ԵԿԵՂԵՑՈՒ մեջ, մեր հոգևոր միասնականությունը: 
Առաջարկում եմ «անկեղծ սրտով» ընթերցենք Սբ. Հովհան Ոսկեբերան հայրապետի աղոթքը, որը պատարագիչ քահանան հնչեցնում է Սբ. Պատարագի ավարտին: Աղոթքը գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...