10.3.17

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 12)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքները, որ երեքն են՝ Բ Օրենք 7:11-8:1, Հոբ 9:1-10:2, Ես. 40:9-17,  կարդանք այստեղ։

Աղոթական մեր կյանքի մեջ մի փխրուն կետ կա, սիրելիներ. այն ամենը ինչ վերաբերում է հոգևորին, աղոթքին, եկեղեցուն մենք միշտ ջանում ենք ամփոփել սոսկ հոգեղենի, հոգևորի մեջ և թույլ չտալ մարմնավորին ներխուժել այդ սահմանները: Պատճառն, հավանաբար այն է, որ առանց այդ էլ մեր առօյայի ճնշող մեծամասնությունը մենք մարմնական խնամքով ենք զբաղված, ուստի հոգևոր միջավայրում գերադասում ենք քիչ տեղ հատկացնել մարմնական, աշխարհական, առօրեական մտքերին, հոգսերին ու ապրումներին: Սակայն պետք չէ մոռանալ, որ մարդը սոսկ հոգի չէ, այլ իր վրա կրում է նաև հոգու «շապիկը»՝ մարմինը, և մենք, ապրելով նյութեղեն աշխարհի մեջ, պետք է մեր աղոթքների մեջ տեղ հատկցնենք նաև մեր պետքերին: Տեր Հիսուս էլ, աղոթք սովորեցնելով, հոգևոր խնդրվածքների կողքին փոքրիկ մի անկյուն հատկացրեց նաև մարմնականին՝ ասելով «ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ, ՏԵՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ»: Անշուշտ այս «հացը» կարելի է մեկնաբանել նաև հոգևոր տեսանկյունից, սակայն առաջին իմաստով այն նշանակում է ամենօրյա ապրուստը: Աստված շատ լավ գիտի, որ մենք մարդկայնորեն հանապազօրյա ապրուստի պետքություն ունենք:Մեր պետքերն ու մեր հոգսերը, մեր ամենօրյա պահանջները մեր բնությանը հատուկ բնական բաներ են, և Աստված միշտ ապահովում է դրանք ինչպես «երկնքի թռչունների» համար է ապահովում հանապազօրյա ապրուստը: Ուրեմն, սիրելիներ, օրվա հոգսով բավարարվելով՝ հավատքով աղոթենք մեր երկնավոր Հորը, որպեսզի որպես իրեն հավատարիմ զավկներ իր օրհնություններից միշտ բաժին հանի մեզ և մեր եղբայր-քույրերին.


«Եթէ ենթարկուես Աստծո օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կկատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: Նա կսիրի, կօրհնի ու կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: Օրհնեալ կլինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: Տէրը քեզնից կվերացնի բոլոր հիւանդութիւնները» (Բ Օր. 7:12-15):

Աղոթենք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի 16-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ 

 Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, 

Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 

Օրհնվեք...

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...