3.3.14

ՀՈԳՈՒՍ ՄԵՋ ԳԱՄՎԱԾ ԱՉՔԵՐԸ

Ձայնը… հուժկու, համառ, ազդեցիկ, մինչև հոգուդ ամենա-ամենախորը ակյունները թափանցող ու քրքրող… Լսվում էր ձայնը՝ բարձր, ազդու… անընդհատ ու բուռն հոսում էր դեպի ներսս, հոսում… հետո կամաց-կամաց դանդաղում, հանդարտվում ու խաղաղեցնում…Աչքերը… կլանող, թափանցող, խորը, շաաատ խորը…աչքեր, որ ողջ կյանքիս ընթացքում դեռ մանկուց միշտ դրոշմված են եղել հոգուս մեջ, կյանքիս ամենավճռական պահերին միշտ սաստել ու սթափեցրել: Ուրիշ որևէ մեկի աչքերը այդքան հզոր երբեք չեն մխրճվել հոգիս: Նայում են ներսից ինձ, միշտ հետևում, սաստում, կյանքի կոչում, ոգևորում, խաղաղեցնում հոգուս փոթորիկները… Նայում եմ դեմքին՝ սուրբ ու լուսառատ խորանից մեզ լուսավորող… խիստ է հայացքը, բայց և խաղաղ՝ կարծես անէացած իրականությունից, Սուրբ Հոգով զորացած, կենդանի մի աղոթք դարձած: Գիտեք, փառք Տիրոջը, շատ ու շատ անգամներ և շատ արժանի հոգևորականների միջոցով է Տերն ինձ առաջնորդել դեպի Իր տուն՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, ճաշակելու Իր անսպառ քաղցրությունը, ճշմարիտ կյանքի իրական քաղցրությունը… Իսկ այդ անգամ… լի տագնապներով, կասկածներով, անորոշ սպասումներով, դատարկված ու չորացած հոգով, քանի որ կյանք կոչված հորդահոս գետի մեջ զանազան խնդիրներով տարված՝ ինքս ինձ հեռացրել էի Տիրոջից…դեռ երբեք և ոչ մի Պատարագի ժամանակ չեմ զգացել, թե ինչպես մի հայացքի միջոցով …երբ շշնջում ես «Եղիցի կամք Քո» և նայում վեր, հանկարծ խորանի վրայից լույսով ճառագված դեմքը՝ սաստող ու անասելի բարի… այդքան իրական, վճռորոշ, դեռ երբեք այդպես չէի ստացել աղոթքիս պատասխանը…թփրտում էր հոգիս, սիրտս ուժգնորեն բաբախում, գունատ էի, դողում էի ողջ մարմնով….իսկ արցունքներս հորդում էին, հորդում, մաքրում հոգիս… ու արցունքների միջից նորից գտա իմ խաղաղությունը, իմ Քրիստոսին Աստծո այդ արժանավոր հովվի՝ տեր Հովել քահանայի՝ եղբորս ու հոգևոր հորս շնորհիվ: Գիտեք, ես այդպես էլ չեմ կարողացել իմ մանկության ու պատանության տարիներին լիարժեք վայելել նրա եղբայրական սիրո քաղցրությունը. դեռ վեց տարեկան էի, երբ նա զորակոչվեց հայոց բանակ, հետո Գևորգյան հոգևոր ճեմարան, և հնարավորություն չունեինք շատ տեսակցել նրան, ավարտելուց անմիջապես հետո ձեռնադրվեց և ծառայության կոչվեց հեռավոր ԱՄՆ-ում…հայրենիքից ու մեզանից շատ հեռու…ու աստիճանաբար եղբորս անվան կողքին սերտորեն ամրացավ երևակայությանս մեջ կարոտ բառը… Իսկ վերը նշված Պատարագը հայրենիքում մատուցեց, երբ կարճ ժամանակով եկել էր Հայաստան: Ի՞նչ է փոխվել իմ եղբոր մեջ… Հիմա նա՝ իմ ճանաչած լավագույն քարոզիչներից մեկը՝ աղոթարար այդ սպասավորը, ինքնին նաև մարմնացյալ հայրենասիրություն է: Հայրենիքից հեռու սպասավորող մեր հոգևորականների ուսերին նաև հայրենիքի հանդեպ սեր ներշնչելու և այն միշտ բորբոք պահելու հոգսն է դրված: Քեզ ուժ, կորով ու զորություն հայրենասիրության ու հավատի պահպանության համար մշտարթուն մեր քաջ զինվոր…
Անի Օհանյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում (ոչ մրցութային):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...