Ձայնը… հուժկու, համառ, ազդեցիկ, մինչև հոգուդ ամենա-ամենախորը ակյունները թափանցող ու քրքրող… Լսվում էր ձայնը՝ բարձր, ազդու… անընդհատ ու բուռն հոսում էր դեպի ներսս, հոսում… հետո կամաց-կամաց դանդաղում, հանդարտվում ու խաղաղեցնում…Աչքերը… կլանող, թափանցող, խորը, շաաատ խորը…աչքեր, որ ողջ կյանքիս ընթացքում դեռ մանկուց միշտ դրոշմված են եղել հոգուս մեջ, կյանքիս ամենավճռական պահերին միշտ սաստել ու սթափեցրել: Ուրիշ որևէ մեկի աչքերը այդքան հզոր երբեք չեն մխրճվել հոգիս: Նայում են ներսից ինձ, միշտ հետևում, սաստում, կյանքի կոչում, ոգևորում, խաղաղեցնում հոգուս փոթորիկները… Նայում եմ դեմքին՝ սուրբ ու լուսառատ խորանից մեզ լուսավորող… խիստ է հայացքը, բայց և խաղաղ՝ կարծես անէացած իրականությունից, Սուրբ Հոգով զորացած, կենդանի մի աղոթք դարձած: Գիտեք, փառք Տիրոջը, շատ ու շատ անգամներ և շատ արժանի հոգևորականների միջոցով է Տերն ինձ առաջնորդել դեպի Իր տուն՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, ճաշակելու Իր անսպառ քաղցրությունը, ճշմարիտ կյանքի իրական քաղցրությունը…