30.10.13

ՀԱՎԱՏՔԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի



Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:









Ներսես Շնորհալի Հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքի առաջին հինգ տները, ինչպես մեր նախորդ գրության մեջ ասացինք, իրենցում առավելաբար հավատքին և պաշտամունքին վերաբերող  կետեր են պարունակում։ Այլ բացատրությամբ՝ հավատքի տվյալները պատրաստում են հիմքը, որպեսզի աղոթավորը  բարձրանա Աստծո մոտ՝ նախ Նրան պաշտամունք մատուցելու, և ապա հայտնելու իր սրտի խնդրանքները։ Սակայն առաջին այս տունը  բացառություն է 24 տների մեջ, այն առումով, որ գրեթե ամբողջությամբ հավատքի խոստովանություն և պաշտամունք է և ընդամենը մեկ ընդհանուր խնդրանք ունի վերջին տողի մեջ, որը կրկնվում է մյուս բոլոր տներում:


Այս սքանչելի աղոթաշարքի ամեն մի տան ընդլայնման և պարզեցուման ձեռնարկի մեր նպատակն է նախ շեշտել և վերհիշել այս աղոթքի մեջ հայտնված կրոնական ճշմարտությունները, և ապա անդրադառնալ նաև պաշտամունքի գործնական կարգին ու արարողական սովորություններին, որոնք մեր Եկեղեցու անդամների կողմից անտեսվելու կամ մոռացության մատնվելու վտանգի են ենթարկված։
Նյութին մոտեցման մեր մեթոդն է՝ վերցնել յուրաքանչյուր տան կարևոր հավաստումները կամ կետերը և ընդլայնել դրանք մեկ առ մեկ։

«Հավատով խոստովանիմ». ներկայումս հասարակ գործածության մեջ խոստովանել նշանակում է մեղքերը հրապարակել կամ գաղտնիքներն ասել։ Սակայն մեր դասական լեզվի մեջ, առհասարակ, խստովանել նշանակում է ճշմարտության լուր հայտարարել աշխարհին։ Այս իմաստով է, որ հնում իրենց հավատքը արիաբար և հրապարակայնորեն հայտարարող, և այդ իսկ պատճառով չարչարանքի ու ծեծի ենթարկված Քրիստոնիաները կոչվում էին «խոստովանողներ», ինչպես երգվում է Ս. Լուսավորչի Շարականի մեջ՝ նրան չարչարելու կապակցությամբ. «Խոստովանող վկայ Քրիստոսի Տէր Գրիգորիս»:

Կրոնի և աղոթքի հիմքը հավատքն է. առանց հավատքի երկուսն էլ  չեն կարող գոյություն ունենալ։ Նա, ով Աստծուն մոտենում է, նախ սրտով պետք է հավատա և ապա բերանով խոստովանի, թե կա Աստված, Ում իրենց գոյությամբ պարտավոր են թե՛ ինքը և թե՛ իր հետ գոյություն ունեցողները: Աստծո փառքը պետք է պատմի տիեզերքը և Նրան պետք է պաշտի բանական արարածը։
ՇՆՈՐՀՔ ԵՊԻՍԿ.
(Սիոն, 1958, Թ-Ժ)
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...