Ով Տեր, Դու ներկա ես. տկարները գիտեն, որ ներկա ես և մխիթարվում են, իսկ
զորավորները դողում են` ներկայությունդ հիշելով: Ուրեմն, «Մեր Տերը ներկա է» բառերը
հարուցում են և՛ բերկրանք, և՛ վախ, և՛ մխիթարություն, և՛ դառնություն:
Չնայած, որ Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին: Ինչպես, օրինակ, Սողոմոն
Իմաստունը, երբ ասում է. «Ես դարձա ու տեսա
այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո, և ահա զրկվածներն արցունքների
մեջ են, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց...» (Ժող. 4.1): Ինչո՞ւ, ուրեմն, ով
Տեր, տեսնում ու լռում ես:
Ով Տեր, ցույց տուր մեզ Քո ողորմությունը, փաստիր Քո ներկայությունը: Մի թող,
որ նախատեն մեզ` ասելով. «Ո՞ւր է Տերը` ձեր Աստվածը»: Տեր, ինչո՞ւ ես սպասում մինչև
գիշերվա վերջին պահը. մինչդեռ նավակի մեջ աշակերտներն անհանգիստ են, իսկ ալիքներն
ուժգնորեն հարվածում են նրան: Ինչո՞ւ ես սպասում, չէ՞ որ Սուրբ Գիրքն ասում է, որ
Դու կգաս և չես ուշանա:
Շտապիր, ով Տեր, շտապիր: Նույնիսկ Դավիթ մարգարեն բողոքում է այս ուշանալուց
ու ասում. «Աստված, ինձ օգնության հասիր.
Տեր, փութա ընկերակցել ինձ: ...Օգնականն ու փրկիչն իմ Դու ես. Տեր իմ, մի ուշացիր»
(Սաղմ. 69:1-6):
Գիտենք, որ Դու ողորմած ես, և մեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները,
որ Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ (Գործք. 1:7): Ուրեմն, մենք միշտ կսպասենք,
ինչպես սաղմոսերգուն է ասում. «Ես Տիրոջն
եմ սպասում, առավոտվա սպասողներից առավել» (Սաղմ. 129:6):
Ահա լիահույս սպասում ենք, ով Տեր, Քո ներկայությանը:
Համոզված ենք, որ կգործես զորությամբ, իմաստությամբ և ճիշտ ժամանակին, որը
կորոշի Քո անսահման սիրող բարությունը: Մեր առջև են մեր Տեր Հիսուս Քրիստոսի գեղեցիկ խոսքերը. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ»
(Հովհ. 5.17):
Գործիր, ուրեմն, Տեր, գործիր, որովհետև Դու սիրում ես արդարությունն ու բարությունը:
Գործիր, որ մարդիկ հանգիստ ունենան և իրենց կյանքը հանձնեն Քո ձեռքերի մեջ: Այնժամ
նրանք լուռ կխորհեն Քո գործերի մասին և կերգեն այս գեղեցիկ
երգը. «Տերը պիտի պատերազմի ձեր
փոխարեն, դուք լուռ մնացեք» (Ելք 14:14):
Նրանք պիտի խորհեն Քո գործերի մասին ու վստահությամբ երգեն. «Մեր Տերը ներկա
է»:
Այո, իսկապես, «Մեր Տերը ներկա է»:
/«Հոգու Ազատագրումը» գրքից/
2 արտահայտվիր:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Հրաշալի հատուած` սքանչելի գրքից...
Թող Ամենաբարին Աստուած Իր Արքայութեան լուսեղէն յարկերում բնակեցնի նորոգ վախճանեալ գերերջանիկ պատրիարք Պապա Շնուտայի անուշաբոյր հոգին, եւ նրա բարեխօսութեամբ նոյն հոգով արժանաւոր մշակներ պատրաստուեն Տիրոջ անդաստանի ու Նրա զարմանալի գործերի խիզախ վկաները լինելու համար. ամէն:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: