Նախորդ գլուխը՝
ՂՈՒԿԱՍ 2։22-38
22 Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու,
23 ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»
24 Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ։
25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։
26 Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։
27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր,
28 Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.
29 «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.
30 որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,
31 որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,
32 լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։
33 Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։
34 Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
35 Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։
36 Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։
37 Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
38 Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
Ութերորդ օրը թլպատելու օրենքի հետ, արու զավակ ծնած մայրերին տրվել էին նաև քառասուներորդ օրը սրբվելու օրենքը: Նախ՝ յոթ օր պետք է սպասեին իբրև անմաքուր, ութերորդ օրը պետք է թլպատեին տղային, երեսուներեք օր ևս պետք է սպասեին և քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ և մի աղավնի՝ «մեղքերի քավության» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ և երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «մեղքերի քավության» համար (Ղևտ. 12։1-8):
Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված, Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե´ մարդ և թե´ անասուն, ընծայվեն Իրեն (Ելք 34։19-20), այսինքն հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Բայց երբ հրեաները Ոսկե հորթը շինեցին, և Աստված ցանկացավ պատժել նրանց, Ղևիի ցեղը գործակցեց Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու համար (Ելք 32։26), և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուները ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր 3։12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Փրկագինը ղևտացիներին պիտի պատկաներ, իսկ ղևտացիներն՝ Աստծուն: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ. յուրաքանչյուր սիկղը քսան դանկիի (հռոմեական պղնձե դրամ) չափով, որին համարժեք է չորս ու կես դրամ արծաթ (Թվեր 3։47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության: