Նախորդ գլուխը՝
ՂՈՒԿԱՍ 2։22-38
22 Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու,
23 ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»
24 Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ։
25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։
26 Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։
27 Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր,
28 Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.
29 «Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.
30 որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,
31 որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,
32 լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։
33 Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։
34 Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
35 Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։
36 Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։
37 Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
38 Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
Ութերորդ օրը թլպատելու օրենքի հետ, արու զավակ ծնած մայրերին տրվել էին նաև քառասուներորդ օրը սրբվելու օրենքը: Նախ՝ յոթ օր պետք է սպասեին իբրև անմաքուր, ութերորդ օրը պետք է թլպատեին տղային, երեսուներեք օր ևս պետք է սպասեին և քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ և մի աղավնի՝ «մեղքերի քավության» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ և երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «մեղքերի քավության» համար (Ղևտ. 12։1-8):
Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված, Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե´ մարդ և թե´ անասուն, ընծայվեն Իրեն (Ելք 34։19-20), այսինքն հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Բայց երբ հրեաները Ոսկե հորթը շինեցին, և Աստված ցանկացավ պատժել նրանց, Ղևիի ցեղը գործակցեց Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու համար (Ելք 32։26), և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուները ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր 3։12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Փրկագինը ղևտացիներին պիտի պատկաներ, իսկ ղևտացիներն՝ Աստծուն: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ. յուրաքանչյուր սիկղը քսան դանկիի (հռոմեական պղնձե դրամ) չափով, որին համարժեք է չորս ու կես դրամ արծաթ (Թվեր 3։47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության:
Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված, Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե´ մարդ և թե´ անասուն, ընծայվեն Իրեն (Ելք 34։19-20), այսինքն հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Բայց երբ հրեաները Ոսկե հորթը շինեցին, և Աստված ցանկացավ պատժել նրանց, Ղևիի ցեղը գործակցեց Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու համար (Ելք 32։26), և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուները ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր 3։12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Փրկագինը ղևտացիներին պիտի պատկաներ, իսկ ղևտացիներն՝ Աստծուն: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ. յուրաքանչյուր սիկղը քսան դանկիի (հռոմեական պղնձե դրամ) չափով, որին համարժեք է չորս ու կես դրամ արծաթ (Թվեր 3։47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության:
Այդ երկու օրենքների գործադրումը, սովորաբար, միասին էին կատարում քառասունքի առթիվ և ավետարանիչն էլ երկուսն իրար էր միացնում, երբ պատմում էր Հիսուսի և իր մոր՝ քառասունքի համար Երուսաղեմ գալու մասին: Տարեկան գառի ողջակեզը նույնիսկ չի հիշում, որովհետև Հովսեփը և Մարիամը ունևորների կարգից չէին: Նույն համեմատությամբ փրկագնի նվերը ևս մեծ բան չէր կարող եղած լինել: Օրինական գործողությունների մասին ավետարանը մանրամասնություններ չի հիշում, որովհետև նրանց պայմանները հայտնի են, այլ ուշադրություն է դարձնում երկու անակնկալ պարագաների վրա, որոնք եղան Քրիստոսի հայտնության փաստերը: Այդ անակնկալ դեպքերի գլխավոր դեմքերն են Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Ավետարանի մեջ Սիմեոն ծերունին պարզապես կոչվել է «մի մարդ»: Չի ասվում, թե ծեր էր, չի ասվում, թե քահանա էր, սակայն, այդ երկու հանգամանքներն էլ ընդունված են ավանդությամբ և ավետարանն էլ նպաստավոր է ավանդությանը: Սիմեոնի մասին ասված է, թե «Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին» և այդ հիշատակությունը, թե Սիմեոնը խոստացված Մեսիային տեսնելու համար էր դեռ ապրում, բավական էր ցույց տալու համար, թե մի ծերունի էր, գոնե իննսունամյա, եթե ոչ ավելի: Ոմանք ասում են, թե Սիմեոնը մեկն էր այն յոթանասուն թարգմանիչներից, որոնք Ալեքսանդրիայում թարգմանեցին Սուրբ Գիրքը եբրայեցերենից հունարեն, իսկ «Ահա կույսը պետք է հղիանա» մարգարեության վրա զարմանալու համար, մինչև մարգարեության կատարումն ապրելու և իրականացումը տեսնելու երկնային հրամանն ընդունեց: Արդ՝ Յոթանասնից թարգմանությունը կատարվեց Քրիստոսից 285 տարիներ առաջ, և եթե ընդունենք, որ Սիմեոնը թարգմանությունը կատարելիս 35 տարեկան էր, ապա գոնե 320 տարեկան պիտի եղած լիներ, որն էլ ոչ մի տեղ չի հաստատված, և նույնիսկ ճշմարտանման չէ և հավատք չի ներշնչում: Սիմեոնին՝ իբրև Հիլելի որդի և իբրև Գամաղիելի հայր կարծողներն էլ հավանականությունից այն կողմ չեն անցնում: Սիմեոնի քահանա լինելուն նպաստում է Ավետարանը, չհիշելով ուրիշ օրինակատար քահանա. և օրինական գործողության կատարումը վերագրում է ուղղակի Սիմեոնին. «երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը նրան իր գիրկն առավ»: Ավետարանի «Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար» ասելը, և ոչ թե իբր հերթապահ քահանա այնտեղ գտնված ցույց տալը, մեծ դժվարություն չի ստեղծում, որովհետև շատ ավելի զորավոր է իբր օրինակատար պաշտոնյա գործելու փաստը:
Սիմեոնն այս առթիվ մի օրհնաբանություն հղեց առ Աստված, խնդրելով, որ Աստված իրեն վերջապես ազատի այս կյանքի կապանքներից, քանի որ վերջապես արժանացավ իր աչքով տեսնել խոստացված Փրկչին: Հետո մարգարեական հոգով հայտարարեց, թե ընծայված այդ մանուկն է , որը պիտի դառնա Աստծո պատրաստած փրկությունը՝ հեթանոսների լույսը և Իսրայելի փառավորությունը: Եվ երբ Հովսեփն ու Մարիամը զարմացած լսում էին նրա ներշնչող խոսքերը, Սիմեոնը դարձավ Մարիամին և մարգարեական հոգով գուշակեց Հիսուսի կյանքի և Մարիամի վշտերի պարագաները և ասաց. «Հիսուսը, ինչպես իրեն հավատացողներին կանգնելու պատճառ պիտի լինի, այնպես էլ չհավատացողներին՝ գլորվելու. Իր անվան շուրջ հակառակություններ պիտի բորբոքվեն, և սրտերի գաղտնիքները պիտի հայտնի դառնան, և այս պատճառով Մարիամի սիրտն էլ ցավերով պիտի խոցոտվի»: Անշուշտ Մարիամի վրա ծանր ազդեցություն գործեցին այս գուշակությունները, սակայն, այնուամենայնիվ, չնվազեց այն զարմանքը, որ առաջացրել էին մարգարեական օրհնաբանությունները:
Մյուս սքանչելի պարագան Աննա մարգարեուհու օրհնաբանությունն է: Արդեն հիշեցինք, թե տաճարի մեջ ապրում էին այրիներ, որոնք տաճարի պաշտամունքի հետ խնամում էին նաև նվիրյալ կույսերին և աղջիկներին (գլուխ 4): Սրանց գլխավորը երևում է եղել է Աննա անունով մի այրի՝ Փանուելի դուստրը, Ասերի ցեղից, 84 տարեկան մի կին, որ ամուսնությունից յոթ տարի հետո դարձել էր այրի և առանձնացել տաճարում: Ավետարանի խոսքը, թե «Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր» ոմանք կարծում էին, որ ութսունչորս տարիներ շարունակ այրի էր: Ենթադրելով, որ յոթը տարի ապրել է ամուսնու հետ և ամուսնացել գոնե 14 տարեկանում, կարելի է ասել, որ 105 տարեկան կին պետք է լիներ, որն անհնարին չէ, բայց հավանական մեկնություն էլ չէ: Աննան իր այրիության տարիները միշտ տաճարի մեջ էր անցկացրել՝ շարունակ ապրելով պահոցողությամբ և անդադար աղոթքներով: Հենց այս Աննան էր, որ ներկա էր Հիսուսի ընծայմանն ու Սիմեոնի օրհնաբանությանը, իր հերթին լցված աստվածային ներշնչմամբ սկսեց օրհնություններ խոսել և նրանց, որ սպասում էին Մեսիայով խոստացված փրկությանը, ավետում էր ժամանակի լրանալու, Փրկչի՝ աշխարհ եկած լինելու մասին: Քանի որ այդ տնօրինությունները կատարվում էին Մարիամի զավակի վրա, ուստի Աննան իր գոհությունն էր հայտնում նրան, որ արժանացել էր այդ մեծ շնորհին: Ինչպես վերևում նշվեց, Մարիամը մանկության ինը տարիները անցկացրել էր տաճարի այրիների խնամքի տակ և ժամանակների համաձայնությունն էլ թույլ է տալիս ասելու, որ Մարիամն Աննայի խնամքի տակ է եղել: Եվ տեսնելով իր սանուհու ստացած մեծ շնորհը՝ Աննան հոգեպես հրճվում և ցնծում էր:
Ոմանց համար դիտողության նյութ է եղել Հովսեփի և Մարիամի մասին տրված «Նրա ծնողները» և «Նրա հայրն ու մայրը» բացատրությունները: Սակայն Ղուկասի գրչի ներքո, որ վերևում հանգամանորեն պատմել է կուսական հղության ավետիսը, որևէ այլ կարծիքի տեղիք չեն կարող տալ այդ խոսքերը, որոնք պարզապես արտաքնապես բացատրում են մարդկանց աչքին երևացող դիպվածները:
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: