Showing posts with label Հովհ. 1։43-51. Show all posts
Showing posts with label Հովհ. 1։43-51. Show all posts

21.12.20

30. ՀԻՍՈՒՍԻ ՄՅՈՒՍ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ

  Նախորդ գլուխը՝
29. ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:43-51
43 Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ 
44 Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ 
45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»:
 46 Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 
47 Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ 
48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
 49 Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ 
50 Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 
51 Եվ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ պիտի բարձրանան ու իջնեն Մարդու Որդու վրա»։

Առաքյալներից Հիսուսին առաջինը ճանաչողների, և Նրան հետևողների անուններն ու ծանոթության հանգամանքները Ավետարանիչը պատմում է երկու նկատառումներով. նախ՝ առաքյալների և Հիսուսի միջև հարաբերությունների շատ վաղուց սկսած լինելը ցույց տալու, և երկրորդ՝ Հիսուսի մասին տրված վկայությունները հասկացնելու համար:
Հետևող առաջին խմբի միջից չորս անուններ ունեցանք՝ երկուսը հայտնի կերպով հիշատակված՝ Անդրեաս և Սիմոն, և երկուսն էլ զորությամբ ցույց տրված՝ Հովհաննես և Հակոբոս: Ավետարանիչը, շարունակելով նաև ուրիշ անուններ թվել, ցանկանում է իր ընկերներին ևս ծանոթացնել:
Հովնանյան և Զեբեդյան եղբայրների հետ ծանոթանալուց մեկ օր հետո, Հիսուս մտադրվում է վերադառնալ իր գավառը՝ Գալիլիա, և այդ ընթացքում  հանդիպում է Փիլիպպոսին Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից, որ Պետրոսի և Անդրեասի քաղաքակիցն էր՝ նույնիսկ անունով ձկնորսների մի քաղաք, որ թարգմանվում է Տուն Ձկնորսության: Փիլիպպոսն էլ ձկնորս էր, մյուսներին արհեստակից և ծանոթ, անշուշտ, այդ  առիթով էլ գալիս է Հիսուսի մոտ, և Հիսուս, ինչպես ծանոթ մեկի, խոսում է նրա հետ ու ասում. «Արի՛ իմ հետևից»: