Ընթերցել ՀՈՒԴԱՅԻ ՆԱՄԱԿԸ
1 Հուդան` ծառան Հիսուս Քրիստոսի եւ եղբայրը Հակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրված էք Հայր Աստծուց, պահված եւ ընտրված Հիսուս Քրիստոսի համար. 2 թող ողորմությունը, խաղաղությունը եւ սերը առատ լինեն ձեզ համար: 3 Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարեք հավատի համար, այն հավատի, որ մի անգամ ընդմիշտ ավանդվեց սրբերին. 4 քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը` Հիսուս Քրիստոսին: 5 Կուզենայի՛ ձեզ հիշեցնել, եւ թեեւ դուք այդ բոլորը գիտեք, եւ որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստյան մատնեց անհավատներին: 6 Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար, 7 ինչպես Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձեւով պոռնկացան` անբնական կրքերի հետեւից ընկնելով եւ հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին: 8 Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մեջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում, 9 այն դեպքում, երբ Միքաել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. Թող Տերը քեզ սաստի: 10 Իսկ սրանք հայհոյում են այն բանի դեմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպես անբան անասունը, նրանցով էլ ապականվում են: 11 Վա՜յ նրանց, որոնք Կայենի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորության` սայթաքեցին վարձի հետեւից ընկնելով եւ կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով: 12 Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետեւից` իրենց սերերով եւ խարդախությամբ, մասնակից են լինում սիրո ճաշին` անպատկառորեն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13 ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը: 14 Նրանց մասին մարգարեացել է նաեւ Ենոքը` յոթներորդը Ադամից սկսած, եւ ասել. Ահավասի՛կ եկավ Տերը բյուրավոր սուրբ հրեշտակներով` 15 դատաստան տեսնելու բոլորի հանդեպ եւ հանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խոսքերի համար, որ նրա դեմ ասացին մեղավորները եւ ամբարիշտները: 16 Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերանները ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար: 17 Բայց դուք, սիրելինե՛ր, հիշեցե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախապես ասված խոսքերը: 18 Նրանք ձեզ ասում էին, թե` Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով: 19 Սրանք նշավակելի, մարմնասեր մարդիկ են, որ չունեն Հոգին: 20 Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, 21 պահենք մենք մեզ Աստծու սիրով` սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար: 22 Կշտամբեցե՛ք նրանց, որ դատապարտված են. 23 փրկեցե՛ք նրանց` խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցե՛ք երկյուղով` դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից: 24 Արդ, ով կարո՛ղ է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ, 25 նրան` միա՛կ Աստծուն եւ մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին` մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությու՜ն, զորությու՜ն եւ իշխանությու՜ն բոլոր ժամանակներից առաջ, եւ՛ այժմ, եւ՛ բոլոր ժամանակներում: Ամեն:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԴԱ ՏՅԱՌՆԵՂԲՈՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
Ըստ եկեղեցական ավանդության այս թղթի հեղինակն է Հուդան` Հակոբոս Տյառնեղբոր եղբայրը, ինչպես որ գրված է նամակի սկզբում: Նամակը գրվել է մոտավորապես 70 թվականին:
Հուդա Տյառնեղբոր նամակն ուղղված է ոչ թե քրիստոնեական առանձին մի համայնքի, այլ առհասարակ բոլոր քրիստոնյաներին:
Իր այս կարճ նամակով, որի բովանդակությունը հիշեցնում է Պետրոս առաքյալի երկրորդ նամակը, հեղինակը նրա նման պայքարում է Ավետարանը չարափոխող, սխալ և վնասակար ուսուցումներ տարածող մոլորեցուցիչների դեմ, որոնք ապրում են անբարո կյանքով: Բուռն կերպով դատապարտելով նրանց՝ Հուդան քաջալերում է իր ընթերցողներին և կոչ ուղղում, որ պայքարեն «հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց ձեզ՝ Աստծու ընտրյալներիդ» (3): Հեղինակը շեշտում է, որ քրիստոնեությունը չի սահմանափակվում միայն դավանանքով, այլ վարք ու բարքի մաքրությամբ: Նամակն ավարտվում է հորդորներով և գեղեցիկ մի փառաբանությամբ:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1-2)
✠ Կեղծ ուսուցիչների նկարագիրը, նրանց ուսուցումն ու անկումը (3-16)
✠ Հավատը պահելու զգուշություն (17-23)
✠ Օրհնություն (24-25)
Հուդա 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՍՈՒՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ✠ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ✠