ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ
Այս նամակն ուղղված է Կողոսայի եկեղեցուն: Կողոսա քաղաքը գտնվում էր Փոքր Ասիայում, Եփեսոսից արևելք: Պողոսը չէր հաստատել այնտեղի եկեղեցին, այն հաստատվել էր նրա աշակերտի՝ կողոսացի Եպաֆրասի կողմից (1.7, 4.12), ուստի Պողոսն իրեն մի տեսակ պատասխանատու էր զգում այդ եկեղեցու նկատմամբ և Եփեսոսից այնտեղ էր ուղարկում իր գործակիցներին: Նա լսել էր, որ Կողոսայում կային սխալ վարդապետություններ ուսուցանող մարդիկ, որոնք ասում էին, թե Աստծուն ճանաչելու և ամբողջական փրկություն ստանալու համար մարդ պետք է պաշտամունք մատուցի մի շարք «հրեշտակների, իշխանությունների ու պետությունների»: Այս մարդիկ ուսուցանում էին նաև, թե պետք է ենթարկվել հատուկ ծեսերի, ինչպես՝ թլփատության, և խիստ օրենքներ պահել ուտելիքի և այլ հարցերի վերաբերյալ:
Պողոսը կողոսացիներին այս նամակը գրում է այն նպատակով, որ նրանց տա քրիստոնեական ճշմարիտ պատգամը: Նրա մտածումների հիմնական գաղափարն այն է, որ Հիսուս Քրիստոսն ինքն է տալիս ամբողջական փրկությունը, և որ այլ տեսակի հավատալիքներ ու ձևակերպություններ հավատացյալին հեռացնում են նրանից: Աստված Հիսուս Քրիստոսով ստեղծեց աշխարհը և նրանով իրեն է վերադարձնում մարդկությանը: Նա բարձր է երկնային հոգեղեն բոլոր իշխանություններից և միակ գլուխն է եկեղեցու: Մենք Քրիստոսի հետ մեր միությամբ միայն ունենք փրկության հույսը:
Այնուհետև, մի շարք մոլորեցնողների սխալներից զգուշացնելուց հետո Պողոսն իր նամակի վերջին բաժնում մատնանշում է այն նոր ապրելակերպն ու նոր հարաբերությունը, որ Քրիստոսին հավատացող մարդիկ պետք է ունենան իրար նկատմամբ:
Կողոսացիներին ուղղված այս նամակը մի տեսակ կոչ է և զգուշացում բոլոր ժամանակների աղանդավորների դեմ, որոնք Քրիստոսի աստվածությունն ուրանալով՝ մարդկանց գցում են իրադրությունների ստրկության տակ, որոնցից մեզ ազատագրեց Քրիստոսը:
Նամակը գրվել է կամ 53-56թթ. կամ էլ 58-60թթ., Եփեսոսում: Մասնագետների մեկ այլ խումբ էլ գրության վայր է համարում Հռոմը, թվականը` 62-63:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-8)
✠ Քրիստոսի բնությունը և նրա կատարած գործը (1.9-2.19)
✠ Քրիստոսով նոր կյանք (2.20-4.6)
✠ Վերջաբան (4.7-18)
Կողոսացիներ 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ✠ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ ✠ ՊՈՂՈՍԻ ՍՏԱՆՁՆԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ✠
Կողոսացիներ 2 ✠ ԿՅԱՆՔԻ ԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍՈՎ ✠ ԿՅԱՆՔ ԵՒ ՄԱՀ ՔՐԻՍՏՈՍՈՎ ✠
Կողոսացիներ 3 ✠ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՅԱՆՔ ✠ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ ✠
Կողոսացիներ 4 ✠ ՀՈՐԴՈՐ ԱՂՈԹՔԻ ԵՒ ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ✠ ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ✠
Ընթերցել՝ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿԸ ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ