ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ
18-րդ դարում Սուրբ Գրքի ուսումնասիրողները Պողոս առաքյալի երեք նամակներին տվեցին «Հովվական» անվանումը, քանի որ այս նամակները ուղղված են եկեղեցու հովիվների: Դրանցից երկուսը Պողոսը հղել է Եփեսոսի եպիսկոպոս Տիմոթեոսին և մեկը` Կրետեի եպիսկոպոս Տիտոսին:
Տիմոթեոսը Փոքր Ասիայից մի երիտասարդ քրիստոնյա էր, հրեա մոր և հույն հոր զավակ: Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում: Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և գրեթե մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ: Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվել է «Առաքյալների գործերը» գրքում և Պողոսի նամակներում: Բազմաթիվ առիթներով Պողոսը նրան էր վստահում նորահաստատ քրիստոնեական համայնքներում ծագած նուրբ ու դժվարին խնդիրների լուծումը:
Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակն ունի երեք մտահոգություն:
1. Այն ազդարարություն է եկեղեցում սկսված սխալ մի ուսուցման դեմ: Հրեական և հեթանոսական գաղափարների խառնուրդ այդ ուսուցումը հիմնված էր այն հավատալիքի վրա, թե նյութեղեն այս աշխարհը չար է, և որ մարդ կարող է փրկության հասնել միայն հատուկ և գաղտնի գիտությամբ ու կենցաղով, ինչպես նաև հեռու մնալով մի շարք կերակուրներից և ամուսնությունից:
2. Նամակում ցուցումներ են տրվում եկեղեցու կարգ ու կանոնի և պաշտամունքի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի նկարագիր և վարք պետք է ունենան եկեղեցու առաջնորդները, երեցներն ու սարկավագները:
3. Առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, թե նա ինչպես պետք է Քրիստոսի բարի և օրինակելի ծառա լինի, և հիշեցնում է նրա ունենալիք պատասխանատվությունները հավատացյալների զանազան խմբավորումների հանդեպ:
Տիմոթեոսին ուղղված առաջին նամակը հեղինակը գրել է 63-64 թվականների միջև, Մակեդոնիայում:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1-2)
✠ Եկեղեցուն և նրա պաշտոնյաներին վերաբերող ցուցումներ
(1.3-3.16)
✠ Տիմոթեոսի առաքելությանը վերաբերող ցուցումներ (4.1-6.21)
Ա Տիմոթեոս 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ✠ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ✠
Ա Տիմոթեոս 2 ✠ ԱՂՈԹԵԼ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ✠
Ա Տիմոթեոս 3 ✠ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ ✠ ՍԱՐԿԱՎԱԳԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ ✠ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ: ✠
Ա Տիմոթեոս 4 ✠ ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ✠ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԼԱՎ ԾԱՌԱՆ ✠
Ա Տիմոթեոս 5 ✠ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ✠ ԵՐԵՑՆԵՐ ✠
Ա Տիմոթեոս 6 ✠ ԾԱՌԱՆԵՐ ✠ ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ ✠ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ✠ ՀՈՐԴՈՐ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ✠
Ընթերցել՝ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ