ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ
Քրիստոսի երկրորդ գալուստի շուրջ ստեղծված տարակարծությունները շարունակում էին շփոթություն ստեղծել Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալների շրջանում: Պողոսը նրանց ուղղված իր երկրորդ նամակով քննարկում է ոմանց այն տարաձայնությունները, թե Քրիստոսի գալուստն արդեն իսկ հասել է: Առաքյալը հստակ կերպով պարզաբանում է, որ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը չարը և անօրենությունը կհասնեն ծայրագույն վիճակի՝ «Անօրենության մարմնացումը» կոչված խորհրդավոր մի անձնավորության առաջնորդության ներքո, որը հակառակվելու է Քրիստոսին:
Առաքյալն անհրաժեշտ է համարում, որ ընթերցողները, հակառակ խռովություններին և չարչարանքներին, իրենց հավատի մեջ մնան ուղիղ և հաստատուն, չդադարեն իրենց աշխատանքից և ծուլություն չանեն, այլ իրենց ճակատի քրտինքով վաստակեն իրենց ապրուստը, ինչպես որ անում է ինքը, նվիրվեն աղոթքի և հարատևեն բարիք գործելու մեջ: Այլ խոսքով՝ հավատը պատրվակ չդարցնեն՝ փախչելու համար այն պատասխանատվություններից, որ Աստված տվել է մեզ՝ ամենօրյա մեր կյանքի համար:
Այս նամակը ևս գրվել է Կորնթոսում՝ կամ 51-54 թվականների միջև:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Ողջույն (1.1-2)
✠ Գոհություն և գովասանք (1.3-12)
✠ Ցուցումներ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին (2.1-17)
✠ Քրիստոնեավայել կյանքի թելադրանքներ (3.1-15)
✠ Վերջաբան (3.16-18)
Բ Թեսաղոնիկեցիներ 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ԴԱՏԱՍՏԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ✠
Բ Թեսաղոնիկեցիներ 2 ✠ ՉԱՐԸ ✠ ԸՆՏՐՅԱԼՆԵՐ` ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ✠
Բ Թեսաղոնիկեցիներ 3 ✠ ԱՂՈԹԵՑԵ՛Ք ՄԵԶ ՀԱՄԱՐ ✠ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ✠ ՎԵՐՋԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠