Նախորդ գլուխը՝
ՂՈՒԿԱՍ 1։57-79
57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։
58 Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։
59 Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։
60 Բայց մանկան մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։
61 Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։
62 Նշան արեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։
63 Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։
64 Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։
65 Այս բանը լսողների և նրանց շուրջը բնակվողների մեջ ահ ընկավ, և Հրեաստանի ամբողջ լեռնակողմում պատմվում էին այս բոլոր բաները։
66 Եվ բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. «Արդյոք ի՞նչ պիտի դառնա այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։
67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.
68 «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։
69 Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր հանեց,
70 ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.
71 փրկություն՝ մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից՝
72 ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.
73 այն երդումը, որ արել էր մեր հորը՝ Աբրահամին,
74 որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝ կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ
75 մեր կյանքի բոլոր օրերում։
76 Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
77 տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը՝ նրանց մեղքերի թողության համար,
78 մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի
79 ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։
Երբ Նազարեթում Հիսուսի ծննդյան հետ կապված դեպքերն էին տեղի ունենում, այն կողմում` Քեբրոնում, Եղիսաբեթի հղության ինն ամիսն էր լրանում` Հռոմի 749 թվականի հուլիսի սկզբին և ծնվում էր մի արու զավակ, որ բոլորի ուրախության պատճառն էր հանդիսանալու, որովհետև Աստծո ողորմությունը հայտնվել էր Զաքարիայի տան վրա: Ութերորդ օրը, թլփատվելու արարողության հետ պիտի կատարվեր նաև տղայի անվանակոչությունը, և ազգականներն ուզում էին նրան Զաքարիա կոչել` համր ու ծերունի Զաքարիային այլևս չեղած համարելով: Մայրն ուզում էր, որ Հովհաննես կոչվի, անշուշտ, Զաքարիայից գրով կամ նշանով իմացած լինելով հրեշտակի հրամանի մասին: Վերջապես հորը դիմեցին, որ դեռ չէր խոսում: Գրելու տախտակ ուզեց և գրեց Հովհաննես անունը և գրելուն զուգընթաց լեզուն էլ բացվեց ու խոսեց, և ամենքի ուրախությունը կրկնապատկվեց: Զաքարիան նույն պահին մի գեղեցիկ օրհնաբանություն բարբառեց, որ սկսվում է «Օրհնյա՜լ է Տերը» բառերով, որ նորածին երեխայի Մեսիային Կարապետ լինելը, խոստացյալ Փրկչի մոտալուտ հայտնությունն ու փրկագործության խորհրդի երկնային իրողությունն է բացատրում: Այս օրհնության մարգարեական հոգով խոսած լինելու պատճառով, Զաքարիան Հին Օրենքի մարգարեների լրումն է համարվում:
Հաջորդ գլուխը՝
8. ԿԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: