Նախորդ գլուխը՝
30. ՀԻՍՈՒՍԻ ՄՅՈՒՍ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։1-11
1 Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։
2 Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։
3 Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. «Գինի չունեն»։
4 Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։
5 Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։
6 Այնտեղ կային քարե վեց թակույկներ՝ հրեաների սրբվելու սովորության համաձայն. նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ուներ։
7 Հիսուսը նրանց ասաց. «Այդ թակույկները լցրե՛ք ջրով»։ Բերնեբերան լցրին։
8 Եվ ասաց նրանց. «Հիմա վերցրե՛ք և տարե՛ք սեղանապետին»։ Եվ նրանք տարան։
9 Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին),
10 խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։
11 Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։
Նաթանայելի կոչումից երեք օր հետո Հիսուսին հանդիպում ենք Կանայում՝ Գալիլիայի քաղաքներից մեկում, որ գտնվում է Նազարեթի և Կափառնայումի միջև, և պետք չէ շփոթել ուրիշ համանուն Կանաների հետ։ Հիսուս Փիլիպպոսին տեսնելու օրից արդեն բռնել էր Գալիլիայի ճանապարհը, հետևաբար առանց դժվարության երեք օր հետո Գալիլիա հասած կլինի։ Նազարեթում իր տունը չգնացած՝ Կանա քաղաք մտնելն էլ տարօրինակ չէ, որովհետև Կանացի Նաթանայելը հնարավոր է ցանկացած լինի իր տունը տանել. մինչ այդ Հիսուսի մայրն էլ արդեն մի հարսանիքի համար եկել էր Կանա։ Երևում է, թե մոր այնտեղ գտնվելու համար Հիսուս եկավ այնտեղ, և նույն առիթով նաև հարսանիքի հրավիրվեց և իրեն հետևող աշակերտների հետ հանձն առավ Հորդանանից գնալ հարսանիք. «Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները»։
Հարսանիքի ընթացքում փոքրիկ մի միջադեպը առիթ է ստեղծում Հիսուսի համար, որ առաջին անգամ մի հրաշք գործի։ Հանկարծ հարսնավորների գինին վերջանում է, և քիչ է մնում ուրախությունն ընդհատվի։ Մարիամն այդ դեպքից մտահոգվում է և իր որդուն կամացուկ լուր տալիս. «Հարսնավորները գինի չունեն»։ Հիսուս խմուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնելուց և ասոսւմ է. «Իմ ու քեզ համար ինչ, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ Ինչքան էլ որ առաջին խոսքից Հիսուս որևէ բան չէր ուզում անել, այնուամենայնիվ, մոր թախանձանքների պատճառով «Լավ, մի բան կհոգանք» խոսքն է ասում, որը մայրն էլ հայտնում է սպասավորներին և պահանջում Հիսուսի ասածը կատարել։ Հիսուս էլ հրամայում է, որ մաքուր ջրի համար հատկացված քարից փորված վեց թակույկները լցնեն ջրով։ Դրանցից յուրաքանչյուրը 2 կամ 3 մար տարողություն ունեին։ Սպասավորներն անմիջապես կատարում են։ Այնուհետև հրամայում է սպասավորներին, որ թակույկների մեջ եղած ջրից լցնեն և տան ճաշկերույթի վերակացուին կամ մատակարարին։ Վերջինս, որ հանկարծակի շփոթվել էր գինու վերջացման պատճառով, գինին տեսնելով՝ ուրախանում է։ Ստուգելով համը՝ տեսնում է, որ շատ ընտիր գինի է, և կարծելով, թե նույն ինքը՝ տանուտեր փեսան, այդ նեղ իրավիճակին մի բան ճարել է, գնում է նրա մոտ և կատակի մի դարձվածքով սկսում նրա գինին գովել. «Սովորություն է, — ասում է, — լավ գինի սկզբից տալ, որպեսզի հրավիրյալները գնահատեն, խնջույքի վերջին որևէ գինի կարելի է հյուրասիրել։ Դու հակառակն արեցիր։ Երբ բոլորն արդեն քիչ թե շատ հարբած են, և որևէ գինի կարելի է մատուցել, սակայն դու լավ գինին հիմա ես հյուրասիրում»։ Մատակարարն ասում էր այդ, որովհետև նոր գինու գտնվելու եղանակի մասին չէր լսել, բայց սպասավորները, որ կարասների մեջ ջուր լցրել և գինի էին հանել, գիտեին եղելությունը։ Եվ չլռեցին։ Գործի մասին հասկացրին մատակարարին, և հրաշալի փոխարկության մասին բոլորն իմացան։ Հրավիրվածները հիացան, և Հիսուսի հրաշագործության փառքը հռչակվեց։ Իսկ Հիսուսին հետևողները, որ միայն Հովհաննես Մկրտչի վկայությամբ և Հիսուսի հետ խոսակցությամբ էին նրա Մեսիա լինելուն համոզվել, այս հրաշքը տեսնելով՝ հաստատվեցին իրենց համոզման մեջ և դարձան կատարյալ հավատացող։ Սա եղավ Հիսուսի առաջին հրաշքը։
Ավետարանին հետևելով թեև շարադրեցինք այս պարզ պատմությունը, սակայն այստեղ կան բացատրության արժանի մի քանի կետեր։
Ո՞վ էր փեսան։ Ոմանք կարծեցին, թե նույն ինքը, Նաթանայել-Բարդուղիմեոսն է, որովհետև գիտենք, որ նա Կանայից է (Հովհ. 21:2)։ Սակայն վերջինիս, որ երեք օր առաջ Հիսուսի հետ գտնվում էր Հորդանանի կողմերը, անմիջապես Կանա հասնելով փեսայանալը ճշմարտանման չէ։ Նույնիսկ, եթե նույն ինքը Նաթանայելը լիներ, որ հիշվեց քիչ առաջ, ավետարանիչը հավանաբար մի ձևով իմացած կլիներ։ Ուրիշները կարծեցին, թե Սիմոն Կանանացի առաքյալն է։ Սակայն Կանանացի չի նշանակում Կանացի (Կանայից), այլ եբրայեցերեն Կանա բառից է ծագում, որ նշանակում է նախանձ։ Մատթեոսի ավետարանի Կանանացի անվանված Սիմոնին (Մատթ. 10:4), Ղուկասը թարգմանաբար կոչել է Նախանձահույզ (Ղուկ. 6:15)։ Ոմանք էլ կարծեցին, թե Տյառնեղբայրներից մեկն է։ Սակայն ավետարանը այս մասին որևէ փաստ չի տալիս։ Ամեն դեպքում պետք է ընդունել, թե Մարիամի հետ ազգակցությամբ կամ սերտ բարեկամությամբ կապված փեսայի կամ մի հարսի հարսանիքն էր, որ Մարիամը նախօրոք եկել էր և այդչափ էլ հոգում էր նույնիսկ հարսնատան երկրորդական կարիքները։
Հետաքրքիր է նաև, ի՞նչ ակնկալությամբ կամ ի՞նչ մտադրությամբ է Մարիամը դիմում Հիսուսին։ Արդյո՞ք Մարիամը նախօրոք տեսել էր Հիսուսի՝ հրաշքով դժվարություններ հարթելն ու հիվանդություններ դարմանելը, թե ոչ, պարզապես առաջարկում էր սովորական միջոցներով մի մի բան ճարել։ Այդ մասին մեկնիչներն ինչ որ ասել են կամ ասում են, սոսկ ենթադրությունից ավելին չէ, որովհետև Ավետարանում մի նշույլ անգամ չկա, որտեղից հնարավոր լինի որևէ հետևություն քաղել։ Հիսուսից դրամական կամ ուրիշ սովորական կերպով մի աջակցություն սպասելու անհավանականությունը, և Հիսուսի տված պատասխանը, թե՝ «Իմ ժամանակը դեռ չի հասել», կարծում ենք, ավելի ճիշտ ցույց են տալիս, թե Մարիամը Հիսուսից իրոք հրաշքի էր սպասում։
Հիսուսի՝ մորն ուղղած «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին» (Օրմանյանի մոտ՝ գրաբարյան «Զի՞ կայ Իմ եւ քո, կին դու» տարբերակն է, որը բառացի թարգմանվում է. «Ի՞նչ ես ուզում ինձանից, ո՞վ կին» /Սրկ./) պատասխանն էլ, առաջին հայացքից մի քիչ խիստ ու հանդիմանական է երևում, սակայն «Զի՞ կայ Իմ եւ քո» բացատրությունը սովորական մի եբրայաբանություն է, որ հրեական լեզվի մեջ այդքան խորթ ու խիստ չէ, ինչպես մեր ականջին է հնչում։ Իսկ «ով կին» արտահայտությունը, ոչ մայրության ուրացություն է և ոչ էլ մոր անարգություն, այլ ընդհակառակը, պատվավոր մի կոչում, նման մեր մեջ գործածվող «տիկին» կոչմանը։
Հիսուսի բոլոր հրաշքներին՝ հիվանդների և վշտացյալների մխիթարության համար կատարված գործերին անհամապատասխան է թվում հարսնավորների զվարճության համար գինի շատացնելու պարագան, որը, կարծես թե, քաջալերում է արբեցությունը։ Սակայն ավետարանի պատմությունը բոլորովին առիթ չի ստեղծում այս անտեղի հետևության։ Հիսուս Իր փառքը հայտնելու համար որպես առիթ միշտ օգտագործել է իր դեմը եղած պարագաները, և օրինավոր ուրախությունն ու ամուսնությունն էլ հակառակ չի եղել իր վարդապետությանը, որն արժանացել է նաև խորհուրդների պատվին։ Հետևաբար ոչինչ չէր արգելում, որ Հիսուս գործեր այդ ուղղությամբ, կատարելով Կանայի հարսանյաց հրաշքը և պատվելով ամուսնությունը։
Ավետարանի դեմ խոսողների թվում գտնվեցին մարդիկ, որ ասում էին, թե գինու փոխված ջուրը ուրիշ բան չէր, քան թե կարասների մնացորդ գինուց կազմված ջրախառը մի բան։ Սակայն ոչ միայն մատակարարի վկայությամբ փոխարկվածն էր ընտրելագույն գինի, այլև լցված թակույկները ոչ թե գինու, այլ հրեական սրբությունների համար պատրաստված ջրի կարասներ էին, որոնց մեջ աններելի էր ջրից բացի որևէ բան դնել։ Իսկ կարասների տարողությունը ցույց տվող մար կոչված չափը, տարբեր տեսակներ ուներ, և 30 կամ 22,5 կամ 15 քաշ (կգ) տանող մար-եր հանդիպում են տարբեր տեղեր։ Պաղեստինում ավելի սովորական էր 30 քաշ հեղուկ պարունակող մար-ը։ Այսքանով եզրափակենք և ավելի մանրամասների մեջ չմտնենք։
Հաջորդ գլուխը՝
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: