15.12.20

26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

   Նախորդ գլուխը՝
25. ՀԻՍՈՒՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹԵՈՍ 4։1-11
1 Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ 
2 Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ 
3 Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ 
4 Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից»։
5 Ապա սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը 6 և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես”»։
7 Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”»։
8 Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը 
9 և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։
10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես”»։
11 Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։

ՄԱՐԿՈՍ 1։12-13
12 Հոգին նրան անմիջապես անապատ տարավ։ 
13 Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից։ Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան:

ՂՈՒԿԱՍ 4։1-13
1 Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ 
2 քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց: 
3 Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»: 
4 Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով”»:
5 Եվ սատանան, նրան տանելով մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ 
6 Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս բոլոր իշխանությունները և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում կամենամ, կտամ այն։ 
7 Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»:
8 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է. “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես”»:
9 Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, 
10 որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,
11 և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես”»:
12 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն”»: 
13 Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ:

Ավետարանում մկրտության օրը ճշգրիտ կերպով որոշված չէ, բայց Հռոմի 780 և մեր թվարկության 27-րդ տարվա հունվարն ավանդությամբ ընդունված է բոլոր եկեղեցիների կողմից: Լատինները Մկրտությունը տոնում են հունվար 13-ին, մենք էլ թեև հունվար 6-ին Աստվածհայտնության ամբողջ տնօրինությունները միասին ենք տոնում և ջրօրհնեքն էլ կատարում, բայց 8-րդ օրվա, այսինքն հունվար 13-ի շարականներն ու կարգերը բացարձակ կերպով նվիրված են Մկրտությանը: Հիսուս մկրտվելուց հետո նույն վայրում չմնաց, և ինչպես գրում է Մարկոսը, նույն ժամին Հոգու ազդեցությամբ հեռացավ Հորդանանից ու արևմտյան եզերքը անցնելով գնաց Հուդայի անապատի հյուսիսային կողմը՝ մի ապառաժոտ լեռան վրա, ուր մինչև այսօր պահվում է քառասնօրյա պահեցողության քարայրի հիշատակը, որը Հիսուսի անապատական կյանքի բնակարանը եղավ:

Այդ քառասնօրյա առանձնությունն ու պահեցողությունը ևս միևնույն տնօրինական նախապատրաստությունների կարգից էր: Ով որ մեծ գործ պիտի ձեռնարկի և նոր կյանք պիտի սկսի, նախապես իր մեջ ամփոփվելու կարիքն ունի, ավելի անզբաղ միտք ունենալու համար պետք է աշխարհի սովորական վայելքներից կտրվել, մարմինը ճնշել, որ հոգին զորանա, արտաքիններից ժուժկալել, որ ներքինը ճոխանա: Այդ պատրաստությունը պիտի կատարվի նոր պաշտոնի և նոր կյանքի պաշտոնական գործողությունն ընդունելուց հետո և պաշտոնական գործողություն ձեռնարկելուց առաջ: Հիսուսի մկրտությունը իր գործնական կյանքի և հրապարակային գործունեության պաշտոնականությունն էր, որը նախօրոք կատարվեց, իսկ գործելու պատրաստությունն էլ հետևեց դրան:

Նմանօրինակ գործողություն այսօր կատարվում է նաև մեր Եկեղեցում՝ նոր ձեռնադրյալները ձեռնադրության օրից քառասնօրյա առանձնության և ապաշխարության են անցնում և դրանից հետո ստանձնում իրենց քահանայական նորստացիկ պաշտոնը:

Հիսուսի քառասնօրյա առանձնությունը բացառիկ եղավ, այնպես որ, ըստ Մարկոսի բացատրության՝ իր բնակակիցները միայն լեռան գազաններն էին և պաշտպան՝ երկնքի հրեշտակները: Իսկ քառասնօրյա պահեցողությունն էլ, ըստ Մատթեոսի և Ղուկասի խոսքերի՝ նույնպես բացառիկ եղավ՝ այսինքն, քառասուն օր անընդհատ ոչ ուտելիք և ոչ խմելիք Նրա բերանից ներս չմտան. «Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց»: (Մատթ. 4։2), «Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց» (Ղուկ. 4։2): Այս բացատրությունները պարտադրում են ընդունել, թե Հիսուս առանց նույնիսկ Հովհաննեսի նման մորեխներ ուտելու, 40 օր ու գիշեր, որ հազար ժամ է, անսնունդ մնաց: Ապա թե ոչ, եթե պահեցողությունը հին ու սովորական իմաստ ընդունենք, ըստ որի պահել նշանակում էր 24 ժամ անսնունդ մնալ և միայն 24 ժամը մեկ անգամ՝ երեկոյան, ապրելու համար ոգեպահիկ՝ բավականին թեթև ուտելիք ճաշակել և մի քիչ ջուր խմել: Այդ կերպով 40 օր ապրողների համար էլ է ասվում, որ քառասնօրյա պահեցողություն կատարեցին: Իսկ քառասուն օր բացարձակ անսնունդ և անոթի մնալուն կարո՞ղ է արդյոք մարդկային բնությունը դիմանալ, թե միայն գերբնականզորությամբ կարողացավ Հիսուս այն պահել. սա խնդիր է, որի մեջ մտնելը ավելորդ ենք գտնում, որովհետև ամեն առիթով բացառիկ և գերազանց կարողություն պետք է ընդունել:

Հիսուսի տնօրինական պատրաստությունների լրումը պակաս պիտի լիներ, եթե մարմնի փորձությունների հետ հոգու փորձություններ էլ չունենար և եթե իր անձնական փորձառությամբ ցույց չտար, որ մարմնի ճնշումը զորացնում է հոգին և, թե մարդու հոգին ավելի ուժեղ է դառնում, երբ տկարանում է մարմինը: Այս են միայն Հիսուսի փորձությունների նպատակն ու բացատրությունը և ոչ թե մեզ համար, որ Հիսուսի ով լինելը լավ գիտենք, թե ստույգ ինչ է, և թե Հիսուս փորձությունների չէր կարող ենթարկվել, նաև որ սատանայական փորձություններին հաղթելը Հիսուսի համար չէր կարող նշանակություն ունենալ:

Մատթեոսի խոսքերի հաջորդականությունից պետք է ենթադրել, թե փորձիչը այն ժամանակ միայն հանդգնեց փորձել Հիսուսին, երբ Նա քառասնօրյա պահեցողությունից հետո սկսեց քաղցից նեղվել՝ «…քաղցեց։ Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց…» (Մատթ. 4։2-3): Բայց Մարկոսն ու Ղուկասը բովանդակ քառասուն օրերի ընթացքում առավել ընդարձակ կերպով են նկարագրում փորձության հատվածը. «Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից» (Մարկ. 1։13): Հետևաբար երեք փորձությունները, որոնք առաջ էին բերում Մատթեոսն ու Ղուկասը, միայն և միայն փորձությունները չեն, այլ օրինակներ են այն փորձությունների, որոնք Հիսուսին գայթակղեցնելու համար սատանան ջանաց ավելի ընդարձակ կերպով հյուսել: Եվ կամ ինչպես Սուրբ հայրերից ոմանք են ասում, ինքը՝ սատանան, աշխատում էր ստուգել Հիսուսի անձնավորությունը և Նրա աստվածության մասին վստահանալ: Այնպես որ «Ապա սատանան նրան թողեց» (Մատթ. 4։11) խոսքերը թելադրում են հասկանալ այնպես, ինչպես կասվեր, թե Հիսուսի աստվածությունը ստուգելով՝ ձեռք քաշեց Նրանից: Իսկ Ղուկասի ասելով, թե «նրանից միառժամանակ հեռացավ» (Ղուկ. 4։13), մեկնում են, ասելով, որ թեև ձեռք քաշեց, բայց նորից փորձելու մտադրությունից չհրաժարվեց:

Սատանայի երեք փորձությունները նպատակ ունեցան փորձելու մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը: Այս բառերն ենք օգտագործում և չենք ասում՝ մարմնասիրություն, շահասիրություն և փառասիրություն, որովհետև թե՛ մարմնի և թե՛ փառքի օրինավոր սեր կա, որը երբեք մոլի կիրք չէ և մարդուն ուղիղ ճանապարհից չի շեղում:

Առաջին փորձության ժամանակ սատանան, օգուտ քաղելով Հիսուսի պահեցողությունից, գրգռում է Նրան, որ Իր աստվածության զորությամբ քարերը հացի վերածի և Իր քաղցը հագեցնի, քանի որ Հուդայի անապատում քարերից բացի ուրիշ ոչինչ չկար:

Երկրորդ փորձության ժամանակ սատանան մի բարձր լեռան վրայից, որ հնարավոր է նույնիսկ պահեցողության լեռը լիներ, ցույց է տալիս երկրի ամբողջ հարստություններն ու ճոխությունները, և հայտարարում, թե կարող է այդ բոլորը Հիսուսին պարգևել՝ միայն իրեն երկրպագելու և պաշտելու պայմանով:

Երրորդ փորձության ժամանակ սատանան, Հիսուսին հանելով տաճարի բարձր աշտարակի վրա, հորդորում է Իրեն այնտեղից ներքև նետելով՝ ցույց տալ և հայտնել Իր Աստվածության փառքը, քանի որ Սուրբ Գրքում էլ գրված է, որ հրեշտակները Աստծո սպասավորներն ու պահապաններն են, և Նրան պաշտպանում են բոլոր գործերի մեջ, իրենց ձեռքերի վրա են վերցնում Նրան և թույլ չեն տա, որ ոտքը քարին դիպչի (Սաղմ. 90։11, 12):

Հիսուս երեք փորձություններն էլ մերժեց՝ միշտ Սուրբ Գրքի սկզբունքներին դիմելով և աստվածային պատգամները սատանայի դեմ որպես զենք օգտագործելով և ամեն մեկ փորձությանը Սուրբ Գրքից թելադրված խոսքերով դիմադրելով:

Առաջին փորձության դեմ հիշեց Մովսեսի խոսքը. «Մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Բ Օրենք 8։3):

Երկրորդ փորձությանը դիմադրեց դարձյալ Մովսեսի մեկ այլ պատգամով. «Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես և միայն նրա՛ն պիտի պաշտես» (Բ Օրենք 6։13

Վերջապես նաև երրորդ փորձությանը դարձյալ Մովսեսից վերցված մի սկզբունքով պատասխանեց. «Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն» (Բ Օրենք 6։16

Հիսուսի կիրառած եղանակը կատարյալ ազդեցություն ունեցավ և փորձչին ամոթահար թողեց, իսկ մեզ ուսուցանեց, որ փորձություններին դիմագրավելու զորությունը միայն աստվածային պատգամների մեջ կարող ենք գտնել և, թե մեր անձից կամ աշխարհից փնտրված միջոցները չեն կարող ազդեցիկ լինել ընդդեմ փորձությունների:

Երբ սատանան իր ճիգերի մեջ ձախողվելով հարկադրվում է ամոթապարտ ձեռք քաշել և դադարեցնել փորձությունները, «ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4։11)։ Արդեն Մարկոսը հիշատակում է ամբողջ քառասնօրյա պահեցողության ընթացքում հրեշտակների պաշտելիության և սպասավորության մասին. «Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան» (Մարկ. 1։13): Բայց կարծես թե փորձության պահին սատանային թույլատրվել էր իր ուժը փորձել, իսկ Հիսուսի հաղթությունը՝ փառաբանելու պաշտամունքն էր, որը հրեշտակները կատարում էին փորձությունների ավարտին:


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...