15.12.20

24. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝
23. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՏԹԵՈՍ 3։11-12
11 Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 
12 Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։

ՄԱՐԿՈՍ 1։7-8
7 Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։ 
8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։

ՂՈՒԿԱՍ 3։15-18
15 Ժողովուրդն սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս «Մի՞թե սա է Քրիստոսը»։ 
16 Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 
17 Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։ 
18 Շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։


Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (Դան. 9։24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե սա է Քրիստոսը»:

Հովհաննեսը չկամեցավ ժողովրդին այդ թյուր ենթադրությունների մեջ թողնել: Ուստի, սկսեց բացարձակորեն հայտարարել, թե. «Ես ձեր կարծեցյալ խոստացված Մեսիան չեմ. Նա ուրիշ է. ինձանից հետո է հայտնվելու. Նա ինձանից բարձր է և ավելին կարող է անել: Այնպես որ ես հազիվ արժանի լինեմ Նրա կոշիկները վերցնելու կամ կապերն արձակող ծառան կոչվելու: Իմ կատարած մկրտությունը զուտ ջրի արտաքին մկրտություն է: Իսկ Նրա տալիք մկրտությունը Սուրբ Հոգու ներքին մկրտությունն է, որ կրակի պես սրբում է ամեն մի աղտ: Իմ պաշտոնը ձեզ ապաշխարության հրավիրելն  է, որպեսզի Նրա հայտնվելու ժամանակ պատրաստ լինեք. Նա գալու է հզոր կալատիրոջ նման, եղանը ձեռքին` կալը մաքրելու և խառնուրդ դեզն էրնելու համար: Ցորենը պիտի զատի հարդից, բարիներին առանձնացնի չարերից, ցորենը պետք է լցնի իր շտեմարանը, իսկ հարդը կրակին է տալու` մի կրակ, որ անմար է»:

Հովհաննեսի խոսքերը խիստ էին և ահարկու: Սակայն, նա կարողանում էր նաև դրանք քաղցրացնել, որպեսզի ժողովուրդը չփախչի, այլ ապաշխարության գնա: Հետևաբար, սպառնալիքի խոսքերը համեմում էր մխիթարական ավետիսներով և բացատրում փրկագործության մեծ խորհուրդը:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...