12.12.19

- ՀՈՎՍԵՓ - ՓԱԽԻ՛Ր ՊՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ


Հովսեփը եղբայրներից գերության վաճառվելով տարվեց Եգիպտոս, որտեղ նրան իր տանը ծառայության վերցրեց փարավոնի ներքինիներից մեկը։ Կարճ ժամանակ հետո Աստծո ողորմությամբ երիտասարդը շահեց իր տիրոջ վստահությունը, նա էլ իր ամբողջ ունեցվածքի կառավարումը հանձնեց Հովսեփին։ Աշխատասեր և գործունյա լինելով՝ Հովսեփը նաև «դեմքով շատ գեղեցիկ էր ու վայելչակազմ», ինչը չվրիպեց ներքինու կնոջ աչքից։ Վերջինս, կրքով բորբոքվելով, ցանկացավ կենակցել երիտասարդի հետ։ Հակառակ կնոջ տևական և համառ ջանքերին, Հովսեփը, լեցուն ողջախոհությամբ, իսպառ մերժեց նրան։ Ի վերջո, չկարողանալով երիտասարդին քարշ տալ անկողին՝ կինն իր ամուսնու առջև ամբաստանեց Հովսեփին սեռական ոտնձգությունների մեջ, և արդյունքում Հովսեփը բանտարկվեց (Ծննդ. 37, 39 գլուխներ)։

Հովսեփը երիտասարդական ողջախոհության իրական օրինակ է։ Ողջախոհություն բառն ընդհանրապես մեկնաբանվում է երկու իմաստով՝

  1. զգաստություն, սթափ մտածելակերպ և դատողություն
  2. մաքրակենցաղություն, սեռական ձգտման՝ բղջախոհության կառավարում։

Հովսեփի այս պատմության մեջ երիտասարդը փայլեց այս առաքինության երկու երեսներով միաժամանակ։ Նրա սթափ դատողությունը թույլ չտվեց նրան ընթանալ տանտիրոջ պատիվը անարգելու ճանապարհով, ապա և չցանկացավ Աստծո առջև մեղանչել սեռական անօրեն մերձեցմամբ։ «Եթե իմ տերը իր տան ողջ ունեցվածքը վստահել է ինձ, և այս տանը ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչինչ չի արգելված, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, ապա ես ինչպե՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը և մեղանչել Աստծու առաջ» (Ծննդ. 39:8-9),- եղավ նրա պատասխանը տարփալից կնոջը։


21-րդ դարում, ցավոք, զանազան հոսանքների ազդեցությամբ սեռական չարաշահումները գնալով աճում և մեծ տարածում են գտնում հատկապես երիտասարդության շրջանում։ Արմատապես սխալ է և թյուր այն կարծրատիպը, թե քրիստոնեական հավատքը մեղք է համարում տղամարդու և կնոջ սեռական մերձեցումը։ Աստված ինքը նախածնողներին՝ Ադամին և Եվային «աճելու և բազմանալու» պատվեր է տալիս, ինչը, բնականաբար (գոնե պատվիրանազանցությունից հետո), պետք է տեղի ունենար սեռական մերձեցման միջոցով։ Որդեծնության կարևոր նպատակից զատ սեռական հարաբերությունը նկատվում է որպես ամուսնական զույգի սիրո մարմնական արտահայտություն, ինչի համար առաքյալն ասում է. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ» (Եբր. 13:4)։ Ուրեմն քրիստոնեությունը ոչ թե դեմ է սեռական հարաբերություններին, այլ չթույլատրելով դրա զարտուղի դրսևորումները՝ կարգավորում է դրա հոգևոր-բարոյական սահմանները։ Եթե փորձենք գծել այդ սահմանները, ապա քրիստոնյայի համար դրանք հետևյալն են՝


  1. սեռական հարաբերությունների խթանիչը պետք է լինի միմիայն սերը,
  2. մարմնական հարաբերությունները թույլատրելի են միմիայն մեկ մարդու՝ սեփական կողակցի հետ, այն էլ քրիստոնեական կարգով՝ Պսակի սրբազան խորհուրդով «մեկ մարմին» դառնալու պարագայում։


Այն ինչ սիրուց և ամուսնությունից դուրս է, համարվում է պոռնկություն կամ շնություն։ Այս վերջինները, միանշանակ, մեղքի՝ բղջախոհության, զազրելի տեսակներ են։

Հովսեփ Գեղեցիկը, ինչպես տեսանք, գերադասեց բանտը, քան մերձեցումը մեկին, ում չէր սիրում և որի հետ «մեկ մարմին» չէր Աստվածային օրհնությամբ։
Հովսեփի այս օրինակով, սիրելի՛ քրիստոնյա երիտասարդ, Աստված հիշեցնում է քեզ, որ ողջախոհությունը նաև քեզ համար է սահմանված։ Այո՛, բնականորեն, երիտասարդական մարմինդ կարող է ձգտել դեպի հակառակ սեռը, գայթակղվել և տենչալ, սակայն Աստծուն ցանկալին ոչ թե մարմնի պահանջով, այլ հոգով ընթանալն է. «Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք» ,- ասում է Պողոս առաքյալը (Գաղ. 5: 16-17):
Եթե դրսևորենք ցանկության չափավորությունը և այն անենք Աստծո խոսքին հավատարիմ մնալու գիտակցությամբ, վստահաբար, Տերը, տեսնելով մեր ջանքերն ու զրկանքները, անպայմանորեն պիտի օրհնի և զորավիգ լինի մեզ սրբության ողջախոհ ընթացքի մեջ, ինչպես այդ արեց Հովսեփի համար՝ հետագայում հրաշքով ազատելով նրան բանտարկությունից և առաջնորդելով ավելի մեծ փառքի և պաշտոնի (Ծննդ. 40-42 գլուխներ)։

«Չգիտե՞ք, թե ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։ Արդ, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի՞ անդամներ ենք դարձնելու։ Քա՛վ լիցի։ Չգիտե՞ք, թե, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Կլինեն, - ասում է Գիրքը, - երկուսը մեկ մարմին»։ Եվ ով մերձենում է Տիրոջը, մե՛կ հոգի է դառնում նրա հետ։ Փախե՛ք պոռնկությունից։ Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում։ Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել էք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք։ Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։ Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։ Բայց, չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին՝ իր մարդը» (Ա Կորնթ. 6:15-7:2)։

ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

·         Ի՞նչ կարևորություն ունի սեռական կյանքը քեզ համար։
·         Ի՞նչ կարծիք ունես անկանոն սեռական կապերի և նախաամուսնական սեռական հարաբերությունների մասին։ Ի՞նչ ես կարծում, ինչ լավ ու վատ հետևանքներ կարող են դրանք ունենալ
  Ա. մարմնի համար,
  Բ. հոգեկան աշխարհի համար,
  Գ. բնավորության ու վարքի վրա:
·         Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ եկեղեցին չի խրախուոում սեռական կյանքը ընտանեկան հարաբերություններից դուրս, ի՞նչ թաքնված վտանգներ է այն կրում տղաների կամ աղջիկների համար: Քո ընկերոջը կամ ընկերուհուն ի՞նչ խորհուրդ կտաս , եթե նա ապրում է այդպիսի սեռական կյանքով:
·         Հնարավո՞ր է արդյոք, որ ընտանեկան դավաճանությունը մնա անհետևանք: Մտաբերի՛ր մեկ դեպք, երբ տեղյակ ես եղել դավաճանությունից. ինչպե՞ս է այն վնասել մարդկանց՝ ամուսիններին, երեխաներին, բարեկամներին:
·         Արդյոք քեզ համար կարևո՞ր է, թե ինչ կարծիք ունի այս ամենի մասին Աստված

Փորձի՛ր ինքդ քեզ համար անկեղծորեն գտնել այս հարցերի պատասխանները։ 

Հաջորդ նյութը՝ ԳԵԴԵՈՆ - ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՈԳԵՎՈՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...