4.3.19

5 ԽՈՐՀՈՒՐԴ ՍԿՍՆԱԿ ՊԱՀԵՑՈՂՆԵՐԻՆ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 4

- Արդյոք սկսնակները ստիպվա՞ծ են պահել սննդային պահքի բոլոր 40-50 օրերը եւ ինչպե՞ս ճիշտ կազմակերպել պահքի ընթացքը։

Այս հարցը, ճիշտն ասած, հաճախ չի տրվում, քանի որ մեծավ մասամբ մարդիկ, սկսնակ թե փորձառու, ձգտում են պահքը պահել ամբողջ ընթացքով։ Շատ գովելի է, այս նախանձախնդրությունը, բայց եւ հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես է մի քանի օր կամ շաբաթ հետո պահքը կարծես «կոտրում» անփորձներին եւ օգտակար դառնալու փոխարեն հակառակ ազդեցություն թողնում։ Ինչպես անցյալ անգամ ասացինք, պահքը հոգեւոր մարզանք է, եւ եթե որեւէ մեկը տկար է իր հոգեւոր ուժերով, անհրաժեշտ է, որ սկսի քչից եւ ամէն տարի կամաց-կամաց ավելացնիպահքի «կշռաքարերը»։ Ստորեւ կփորձենք առաջարկել այդօրինակ մի քանի մեթոդներ՝ ազատ թողելով մեր ընթերցողներին ընտրության մեջ։

  1. Եթե սկսնակ եք կամ անփորձ, կամ մեկ անգամ արդեն ձախողել եւ կիսատ եք թողել պահքը, այս տարի փորձեք՝ Մեծ Պահքի ընթացքում սննդային պահքը՝ հրաժարումը կենդանականից, պահել շաբաթական մեկ կամ 2 օր։ Նախընտրելի են չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, քանի որ արդեն գրեթե ամբողջ տարվա ընթացքում դրանք պահքի օրեր են՝ ի հիշատակ մեր Տիրոջ Մատնության եւ Խաչելության։
  2. Հաճախ հանդիպող տարբերակ է Մեծ Պահքի առաջին եւ վերջին շաբաթներին պահք պահելը։ Եթե դժվարություն կա առաջին շաբաթվա հետ, ապա վերջինը, որ Ավագ Շաբաթն է, լավ կլինի, որ բոլորն էլ հետեւողականորեն պահեն։
  3. Որոշ դեպքերում, երբ կամա կամ ակամա հնարավոր չէ փոխել սննդակարգը բուսականի, կարելի է ընտրել որեւէ օր (նորից` ցանկալի են չորեքշաբթին եւ ուրբաթը) եւ այդ օրը ծոմ պահել, այսինքն չուտել ոչինչ ամբողջ օրը կամ մինչեւ երեկո։
  4.  Հաճախ դժվար է ամբողջական պահք պահել ընտանիքի ներսում, հատկապես երբ ընտանիքի մի մասը պահքի չի հետեւում։ Նման դեպքերում հորդորելի է չփոխել տան սննդակարգը, սակայն պահք պահողը ինքն իր ճաշակելիքի վրա պետք է սահմանափակում դնի, չափավորի կամ ընդհանրապես հրաժարվի շատ սիրված ուտելիքներից (կենադանական կամ բուսական ծագման), քաղցրեղենից, սուրճից, հյութերից...
  5. Կարելի է նաեւ չսահմանափակել կերակրատեսակները, սակայն բավարարվել օրական մեկ անգամ ուտելով (անշուշտ՝ ոչ դրդված դիետայի հեռանկարով)։

Ահավասիկ գործնական հինգ մոտեցումներ, որոնք կարող են օգտակար դառնալ, եթե առաջին անգամ եք դիմել պահեցողության կամ դժվարացել եք նախորդ անգամներին։ Այս խորհուրդներին կարելի է հետեւել նաեւ, եթե հիվանդ եք կամ գտնվում եք հղիության շրջանի մեջ (անշուշտ, բժշկի հետ խորհրդակցելով)։

Բերված մոտեցումները սոսկ հորդորներ են եւ ոչ թե՝ հրահանգներ, ինչպես Պողոս Առաքյալն է ասում. «Եթե մեկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորություն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները» (Ա Կորնթ. 11:16)։ Իսկ եթե ունեք ձեր անձնական  փորձառությունը, կիսվեք մեզ հետ մեկնաբանությունների մեջ։ 

Հիշեցնենք, ոչ այս բոլորը վերաբերում են սննդային պահեցողությանը, իսկ պահեցողության հոգեւոր կողմին պետք է խստորեն հետեւել պահքային բոլոր օրերին անխտիր։ Առաջիկային կանդրադառնանք նաեւ այս կարեւոր կետին։
Բարի պահեցողական ընթացք։ 

Շնորհակալ կլինեմ, եթե այս գրառումը տարածեք ձեր էջերում եւ եթե ունեք հարցեր, գրեք մեզ այստեղ։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...