15.3.18

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ - Շավիղ 32

Հարց. Ինչպե՞ս բարեգործություն անեմ:

Պատասխան. Նախ՝ պետք է լինես ողորմած և գթասիրտ, որ երբ մի խեղճ աղքատ տեսնես, գութդ շարժելով հոգաս նրա կարիքները, որպեսզի Քրիստոսի երանությանն արժանանաս. «Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս Ե 7): Եվ երկրորդ՝ պահք պիտի պահես:

Հարց. Ինչպե՞ս պահք պահեմ, ծո՞մ մնամ, թե զգուշանամ մսից ու կաթնամթերքից:

Պատասխան. Թե՛ ծոմ և թե՛ պահք պիտի պահես: Ոչ միայն կերակուրի պահքը պիտի պահես, այլև բոլոր զգայարաններդ ծոմ պիտի պահեն: Միշտ զգաստ ու զգույշ պետք է լինել, իսկ ծոմապահության օրն առավել ևս, ամենևին մարմնի կամքը չկատարել, ինչպես որ Եսայի մարգարեն է պատվիրում. «Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնադատում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք, բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի,- …ասում է Տերը: Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր և արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան…: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ» (Եսայի ԾԸ 3-9): Եվ երեք աղոթք պիտի անես:

Հարց. Ինչպե՞ս պիտի աղոթեմ:

Պատասխան. Դ Շավիղի մեջ ասացինք, որ սուրբ սիրտ և մաքուր բերան պիտի ունենաս, իսկ խնդրանքներդ պիտի շահեկան լինեն հոգուդ և հաճելի Աստծու կամքին: Իսկ եթե օգտակար բան խնդրես մարմնիդ համար, ապա սատանայի կամքին հաճելի կլինի:



Հարց. Ապրուստիս համար որևէ բան չպիտի՞ ուզեմ:

Պատասխան. Ո՛չ, մարմնի պետքի համար երբեք ոչինչ չուզես, որովհետև մեր երկնավոր Հայրը առանց մեր խնդրելու էլ գիտե, ինչպես որ Քրիստոս ասաց. «Որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք» (Մատթեոս Զ 8): Տեսա՞ր, նախքան մեր մի բան ուզելը Նա գիտե և տալիս է, բայց երբ միտումնավոր ուզենք, չի տա, ինչպես և Հակոբոսն է ասում. «Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայացնեք ձեր ցանկություններին» (Հակոբոս Դ 3):

Հարց. Արդյոք ի՞նչ է չար խնդրանքը:

Պատասխան. Չար խնդրանքը Քրիստոսի կամքին հակառակ մի բան ուզելն է: Քրիստոս հրամայել է. «Ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք» (Մատթեոս Զ 25): Այս ասելուց հետո մարդկանց սրտերը հաստատ պահելու համար երկնքի թռչունների և լեռան ծաղիկների օրինակն է բերում. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց…: Նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպես է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում» (Մատթեոս Զ 26-28): Քանի որ Քրիստոս այսպես է ասել, դու Նրա հրամանին հակառակ, երբ մարմնավոր բաներ ուզես, իմացի՛ր, որ խնդրանքդ չար է: Քրիստոս կրկին հրամայել է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթեոս Ե 44), նաև «Եթե մի երեսիդ խփում են, մյուս երեսդ էլ դարձրու»: Նրան հակառակ, եթե հարստություն, փառք կամ իշխանություն ուզես, որ թշնամուդ հաղթես ու չար կամքդ կատարես, մի՞թե չար չէ: Եվ տեսնելով, որ Աստված չի տալիս քո ուզած հարստությունն ու իշխանությունը, որպեսզի հաղթես թշնամուդ, կմատնվես անճարակության և կսկսես հրամայել Աստծուն. «Աստված թող վրեժխնդիր լինի թշնամուցս՝ կուրացնի, խլացնի, ձեռք ու ոտքը կոտրի, լեզուն պապանձեցնի կամ խելքը ցնորի, ունեցվածքը կորցնի կամ նրա զավակին մահ պատճառի»: Այսպիսի շատ բաներ ես ասում Աստծուն, մի՞թե չար չեն սրանք: Մինչդեռ Քրիստոս ասում է. «Օրհնի՛ր քեզ անիծողներին», իսկ դու ոչ միայն չես օրհնում, այլև անիծում ես քեզ անիծողներին: Եվ երբ տեսնում ես, որ քո այս խնդրանքներն Աստծուն լսելի չեն, հուսահատվում ես ու քո իսկ չար ցանկությամբ հալվում ու մաշվում:

Հարց. Ուրեմն ոչ մի բան չուզե՞նք:

Պատասխան. Թե ի՞նչ պիտի խնդրենք, Քրիստոս սովորեցրել է մեզ. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթեոս Զ 33): Իսկ մեր մարմնավոր պետքերը Քրիստոս «Հայր մեր» աղոթքի մեջ է սովորեցրել. «Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» (Մատթեոս Զ 11): Տե՛ս, որ մեզ պետք եղած անհրաժեշտ բանը մեր օրվա հացն է, այդ է, որ պիտի խնդրենք և ոչ թե վաղվանը, ինչպես որ Քրիստոս է ասում. «Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա» (Մատթեոս Զ 34):

Հարց. Սրանից հետո վաղվա հոգսը չքաշելով ի՞նչ պիտի լինի, մի՞թե դրանից առաջ մարմնավոր խնդրանքը մեղք չէր:

Պատասխան. Քրիստոսի աշխարհ գալուց առաջ արգելք չկար մարմնավոր խնդրանքներին, որովհետև նրանց թե՛ փառքը և թե՛ պատիժը մարմնավոր էին, ինչպես որ պատմեցինք Զ Շավիղում: Բայց Քրիստոս, երբ եկավ, մեզ քարոզեց երկնքի արքայությունը և բազում օրինակներով ու առակներով վստահեցնելուց հետո Իրեն հավատացող և Իր պատվիրանները պահողներին երկնքի թագավորությունն ու անվախճան փառքը խոստացավ դատաստանի օրը, երբ պիտի հարություն առնեն: Բացի նրանից, որ մեզ երբեք մարմնավոր բաներ չխոստացավ, դեռ ավելին՝ շատ ու շատ առակներով մատնացույց արեց այս աշխարհի անցավոր լինելը: Քանի որ մահը խափանելու և ոչնչացնելու է ամեն բան, բայց հոգին անմահ լինելով կշահի հավիտենական հոգևոր փառք, պատիվ և ուրախություն, ինչպես նաև հավիտենական պատիժ ու տրտմություն, ինչը և խոստացավ մեզ Քրիստոս: Եվ քանի որ այս ամենն ըմբռնեցինք, սրանից հետո թե՛ վաղվա և թե՛ մարմնավոր պետքերի համար պետք չէ հոգս անել, այլ միայն այսօրվա համար պետք է խնդրենք:

Հարց. Քանի դեռ ապրում ենք, հնարավո՞ր է որևէ բան չուզել:

Պատասխան. Բայց ինչ թերահավատ մարդ ես, այնպես ես խոսում, կարծես սովահար պիտի լինես: Եթե մի մարմնավոր թագավոր քեզ խոստանա, որ «Քո մարմնի անհրաժեշտ կարիքները՝ թե՛ կերակուր և թե՛ հագուստ, ես կհոգամ, դու անհոգ եղի՛ր ու միայն քո հոգու փրկության համար հոգա»: Դու մի՞թե անհոգ չէիր լինի՝ վստահելով թագավորի խոստմանը:

Հարց. Հայտնի բան է, որ անհոգ կլինեի, քանի որ թագավորի խոստումը միշտ հաստատ է լինում:

Պատասխան. Ուրեմն հավատում ես այդ մահկանացու արքայի խոստման հաստատ լինելուն: Բայց ինչպե՞ս է, որ չես հավատում մեր Երկնավոր Հոր, թագավորների Թագավորին և ամենի Տիրոջը: Նա, որ խոստացել է հոգալ քո մարմնի կարիքները և պատվիրել է, որ դու ցանկանաս միայն հոգուդ փրկության արքայությունը: Այն մահկանացու թագավորը, որ քեզ խոսք էր տվել, երբ մահանա, իր խոստումն էլ իր հետ կմահանա: Բայց մեր Տեր Աստված միշտ կենդանի ու հավիտենական թագավոր է, ուրեմն պետք է, որ Նրա խոստումին ավելի հավատաս:

Հարց. Ուրիշ ի՞նչ խրատ կտաս բարեգործության համար:

Պատասխան. Մինչ այժմ բոլոր ասածներս բարեգործության մասին էին, հարկ չկա, որ նորից կրկնեմ, բայց դարձյալ հիշենք Պողոս առաքյալի խոսքը. «Սերն է օրենքի լրումը» (Հռոմ. ԺԳ 10): Այստեղից պետք է եզրակացնել, որ բոլոր բարեգործությունները պետք է սիրով կատարել և առանց սիրո բարեգործությունը ոչինչ է, ինչպես և վկայում է. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Ա Կորնթ. ԺԳ 1-3): Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, թեպետ մենք քեզ բարեգործության մանրամասները բացատրեցինք, բայց առանց սիրո բարեգործությունը ոչինչ է: Ուստի ամեն ինչից առաջ սերն է պետք, այնուհետև՝ աղոթք, ողորմություն, ծոմ, պահք և այլն:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...