13.3.18

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՄՐՑԱՆԱԿԻՆ - Շավիղ 30

Հարց. Կարծում եմ՝ վերջացան լեզվի մասին եղած խրատները:

Պատասխան. Այո՛, ավարտվեցին, բայց մի մեծ վտանգ էլ կա, եթե դրանից չզգուշանաս, այլ գործածես, շատ վատ վիճակում կհայտնվես: Դրա համար ես պարտավոր եմ քեզ տեղյակ պահել. գիտեմ նաև, որ քեզ համար պիտի շատ դժվար լինի, ինչպես այն հիվանդի, որի աչքը միշտ սառը ջրի և թթու կերակուրների վրա է, բայց որոնք վնասակար են իր հիվանդությանը: Բնական է, որ բժիշկն արգելում է՝ ասելով. «Սառը ջուր մի՛ խմիր, թթու մի՛ կեր»: Այդ պահին բժիշկը հիվանդի աչքին մի չար մարդ է երևում, գուցե և բռնակալ, բայց բժշկվելուց հետո նա ուրախ է լինում, որ չօգտագործեց սառը ջուրն ու թթու կերակուրը, իսկ բժշկից էլ մեծապես շնորհակալ է լինում: Նմանապես էլ մեղքի աղտի մեջ գտնվող մարդուն եթե խրատես, դժվարությամբ կընդունի, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբր. ԺԲ 11): Անշուշտ շատ դժվար է սեփական կամքը զսպել, բայց երբ մեղքից հեռանա ու զղջա, այն ժամանակ կզգա օգուտը, ինչպես որ Եսային է գրում. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտեղ ես գտնվում» (Եսայի Լ 15): Վերջապես քեզ կցանկանայի մի բանի մասին էլ ասել: Ամեն մեկի մեղքը դիմացինի աչքին ավելի ցայտուն է երևում, քան իր աչքին: Հետևաբար ես տեսնում եմ, որ սատանան որոգայթ է լարել ոտքիդ տակ, բայց դու այդ մասին չգիտես, անզգույշ քայլում ես և անշուշտ պիտի ընկնես փորձանքը, դրա համար տեղյակ եմ պահում քեզ, որ զգույշ քայլես:

Հարց. Ո՞րն է այդ զգուշանալիք որոգայթը, որի մասին այսքան երկար ասացիր:

Պատասխան. Բարկությունն է այդ մեղքը, որից եթե հեռու չմնաս, երբեք չես կարող բարեգործություն անել, ինչպես որ Հակոբոսն է ասում. «Բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակոբոս Ա 20): Չկատարելուց բացի արածդ էլ ոչնչացնում է, ինչպես որ Քրիստոս ցույց է տալիս օրինակով. «Ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս Է 26-27):

Հարց. Այդ տունը տակնուվրա անող հողմը ի՞նչ է:



Պատասխան. Տուն ասվածը բարեգործության և մնացած առաքինությունների տունն է, որը բոլոր քրիստոնյաները պարտավոր են կառուցել հավատի հիմքի վրա, ինչպես որ այս մասին խոսեցինք Թ Շավիղի մեջ: Իսկ տանը խփող ու հարվածող հողմն էլ բարկությունն է և մարդկանց մնացյալ մոլորությունները: Թեպետ հիմա տուն ես կառուցում, բայց հավատի հիմք չունես, թերի է. չէ՞ որ Քրիստոս էլ ասաց. «Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթեոս Ե 22): Դու այս լսել ու չես հավատացել, բայց միայն մկրտությունդ բավարար ես համարել քո փրկության համար, բարեգործություն չես արել: Նույնիսկ եթե մի փոքր բարեգործություն էլ անես, բայց միտքդ ու հոգիդ Սուրբ Գրքի խրատներով հաստատված չլինի, ապա սատանան քեզ մի սուտ պատճառով կդրդի կամ չարիք կբերի աչքիդ առջև կամ ականջիդ վատ խոսք լսել կտա և քո սիրտն իր ձեռքի մեջ վերցնելով՝ կսեղմի: Այդ պահին բարկությունդ հնոցի պես կբորբոքվի, միտքդ կպղտորվի ինչպես գարնան վարար գետ, սիրտդ ալեկոծ ու հողմածուփ ծովի պես տակնուվրա կլինի, աչքերդ կկարմրեն կատաղությունից, դեմքդ կայլայլվի, շուրթերդ կկապտեն, բերանդ կփրփրի, ձեռքդ ու ոտքդ կդողան դիվահարի պես, ու ատամներդ կկրճտացնես: Այդ պահին ոչ մահը աչքիդ կգա և ոչ էլ արքայությունն ու դժոխքը, այլ կսկսես ձեռքիդ եկած ամեն չար բան անել, հայհոյանք, անեծք, սաստիկ կռվի պահին ծեծ, գուցե և սպանություն էլ գործես: Այսպիսով փուլ կգա քո բարեգործության տունը, տակնուվրա կլինի, և կկատարվի սատանայի կամքը: Ժամանակ կանցնի, բարկությունը սրտիցդ դուրս կգա և կզղջաս, բայց ինչ օգուտ՝ տունդ ավերեցիր: Ինչպես ծովը, որ ալեկոծվում է, մրրիկից ուռչում է, կարծես կատաղում է ու փրփրում, բազում նավեր խորտակելով ընկղմում է իր հատակը, բազում ունեցվածքներ ոչնչանում են, ու մարդիկ՝ խեղդվում: Ճիշտ է, քիչ հետո հողմը հանդարտվում է, և ծովը կարծես իջնում է՝ գալով իր նախկին խաղաղ վիճակին, բայց կորուստն այլևս անդառնալի է: Ուստի պետք է հեռու մնալ և զգուշանալ բարկությունից:

Հարց. Որ բարկությունը չար է, հասկացա, սակայն Քրիստոսի ասածից. «Ով որ զուր տեղը բարկանա, ենթակա կլինի դատաստանի», չի՞ կարելի եզրակացնել, որ եթե զուր տեղը չէ, ապա բարկությունը մեղք չէ:

Պատասխան. Եթե բարկությունը տեղին լինի, այսինքն՝ ուղղված է սատանայի թելադրանքին և մեր հոգուն գալիք վնասի դեմն առնելուն, մեղք չէ: Բայց մենք հաճախ ընդհակառակն ենք անում, ոչ թե սատանայի դեմ ենք բարկանում, այլ մեր անձի պես սիրելի ընկերոջ դեմ, ոչ թե մեր հոգուն գալիք վնասի դեմ ենք բարկանում, այլ մեր մարմնին կամ ունեցվածքին պատահած մի փոքր վնասի դեմ, այդ ժամանակ մենք կատաղի գազան ենք դառնում: Այս ամենը Քրիստոս դրել է մեղքերի շարքում, որովհետև այս աշխարհի ամեն ինչը սուտ է, դատարկ ու ոչինչ, ուստի այս աշխարհի հետ կապված ինչի վրա էլ բարկանաս, իմացի՛ր, որ դատարկ բանի համար ես բարկացել, ու այդ պատճառով էլ դատաստանի կենթարկվես: Բայց պիտի նկատել, որ բարկությունը եթե տեղին ես գործածում, վնաս չի տալիս, այսպես, օրինակ՝ որևէ թույն, եթե առողջ մարդ ուտի, կմահանա: Բայց երբ նույն թույնը հիվանդ մարդը բժշկի հրահանգով է օգտագործում, կբժշկվի հիվանդությունից:

Հարց. Դե՛, եղբայր, բավական է այսքանը, միայն ե՞ս եմ գնալու արքայություն, որ այդքան ջանում ես համոզել ինձ: Ինչպես բոլոր մարդիկ են, այնպես էլ ես կլինեմ: Բոլորի նման լինելն ու չառանձնանալը ավելի հեշտ է:

Պատասխան. Ո՛չ, եղբա՛յր իմ, այդպես մի՛ ասա, ուրիշները քեզ չեն կարող օգնել: Դիցուք, եթե դու ծուլության պատճառով դրամ չվաստակես, ապա հորդ կամ եղբորդ շահած դրամով կապրես միառժամանակ: Բայց հանդերձյալ կյանքում այդպես չէ, ամեն մեկն ինքն իր համար պիտի ջանա, որովհետև ոչ հայրը որդու համար, ոչ եղբայրը՝ եղբոր, ոչ բարեկամը՝ բարեկամի, ոչ կինը՝ ամուսնու, ոչ ամուսինը՝ կնոջը ողորմություն կանի կամ էլ կօգնի, այլ ամեն մեկն ինքը պիտի ջանա հափշտակել բարիքը, ինչպես որ Քրիստոս հրամայեց. «Այժմ երկնքի արքայությունը բռնադատվում է, և հզորներն են հափշտակում այն» (Մատթեոս ԺԱ 12):
Դրա համար Պողոսը մեկ օրինակ է բերում. «Չգիտե՞ք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են, թեև բոլորն են վազում, միայն մեկն է առնում հաղթության մրցանակը» (Ա Կորնթ. Թ 24):

Հարց. Այդ ի՞նչ օրինակ է ասպարեզում վազելը:

Պատասխան. Հին ժամանակներում սովորություն կար, որ մեծ հրապարակի մի ծայրում բարձր պատվանդանին դնում էին թանկագին մի ադամանդ, որպեսզի մարդիկ վազելով գնան և այդ թանկագին քարը վերցնեն: Բայց քարը ստանում էր նա, ով արագընթաց էր: Պողոսի բերած օրինակը այս է նշանակում. «Բոլորն են վազում, բայց միայն մեկն է ստանում հաղթության մրցանակը» (Ա Կորնթ. Թ 24): Այնուհետև ավելացնում է. «Այնպես վազեք, որ հասնեք դրան» (Ա Կորնթ. Թ 24): Պողոս առաքյալին ժամանակակից քրիստոնյաները իրենց հավատը ստանում էին աշխատանքով, և այս սկզբունքը շատ հարգի էր, ուստի մեծ բաղձանքով բոլորը վազում էին արքայությունը հափշտակելու: Իսկ Պողոսն էլ շարունակ հորդորներ է գրում, որպեսզի շարժի մարդկանց ջերմեռանդությունը, որ հանկարծ արքայության նկատմամբ ունեցած սիրո կրակը չմարի նրանց սրտերում: Բայց մենք կարծում ենք, թե հավատը ժառանգություն է մնացել մեր հայրերից, դրա համար էլ չենք հարգում, որովհետև. «Առաջինը ես հափշտակեմ արքայությունը» ասող, ջանադիր մարդիկ շատ քիչ են: Այսօր ամենքս էլ իրար տակից աթոռ հափշտակողներ ենք: Երբ նայես, կտեսնես, որ ոմանք խռմփոց հանելով անհոգ քնած են: Ոմանք էլ, թեև արթնացած, բայց թմրած նստած են մահճում, դեռ նրանց թմրությունը պիտի անցնի, որ նոր դուրս գան վազքի: Կան մարդիկ, որ շուտ են արթնացել, բայց մտել են առևտրի մեջ և ժամանակ չունեն վազելու: Ոմանք գինետանն ու սրճարաններում ուտում, խմում և ուրախանում են, մտքներով էլ չեն անցկացնում վազել: Ոմանք էլ, թեև ճամփա են ընկել, բայց ետ-ետ նայելով, դանդաղկոտ քայլերով են ընթանում: Ապա հոգնած նստում են տեղում ու ասում. «Շտապելու բան չկա, երբ էլ գնանք, կհասնենք, հո այսօր իսկ չմեռա՞նք, կամ էլ բոլորը գնացին, միայն մե՞նք մնացինք»: Իսկ ոմանք էլ գոտեպնդված վազում են սուրհանդակի պես, ոչ ետ և ոչ էլ աջ ու ձախ նայելով, միշտ անթարթ աչքով հետևում են անցնելիք ճանապարհին, վազում են՝ արքայությունը հափշտակելու նպատակով: Տեսա՞ր, եղբա՛յր իմ, ինչպես են գնում երկնքի արքայություն: Կարծեմ դու խռմփացնողներին կամ աշխարհական զբաղմունքի մեջ մոլորվածներին նայելով ինձ ասացիր. «Այս աշխարհի մարդիկ ինչ որ են, ես էլ նրանց պես կլինեմ»: Բայց դու փոխանակ նրանց տեսնելու, նայիր առաջ վազող մարդկանց: Եվ եթե ուրիշին նայելով մեղանչես ու մեղավոր էլ մեռնես, այնտեղ ոչ մեկը քեզ չի օգնի: Ենթադրենք, մեկ տան մեջ ապրում են երկու եղբայր, մեկը՝ գործունյա՝ դրամ վաստակող, իսկ մյուսը՝ ծույլ՝ գրոշ իսկ չվաստակող: Բայց այն գործունյա եղբոր վաստակով ընտանիքի անդամները բավարար կերպով ապրում են: Եվ եթե գործունյա եղբայրը սրտնեղելով բարկանա ծույլ եղբոր վրա՝ ասելով. «Ինչ ուզում է թող լինի», և ամեն բան թողնի բախտի քմահաճույքին, ապա վաստակը կկտրվի, կաղքատանա, և տան անդամները խեղճ վիճակի մեջ կընկնեն: Այս աշխարհում մեկ մարդու անհոգության պատճառով ողջ ընտանիքն է տուժում: Բայց արի ու տես, որ հանդերձյալում այնպես չէ: Մեկի մեղք գործած լինելու համար մյուսը պատիժ չի կրում. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկիել ԺԸ 4): Լա՛վ մտապահիր, քանի դեռ մարդիկ կենդանի են, իրար կարող են օգնել կամ վնասել, բայց հանդերձյալում, դատաստանի օրը ո՛չ մեղավորները կարող են վնաս հասցնել արդարներին և ո՛չ էլ արդարները կարող են օգնել մեղավորներին, որովհետև այնտեղ ողորմության դուռն արդեն փակ կլինի:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...