11.3.18

ՆԱԽԱՆՁԵԼ, ԲԱՄԲԱՍԵԼ, ԴԱՏԵԼ - Շավիղ 28

Հարց. Շատ գարշելի բան է հպարտությունը, որ մարդուն սատանայի է նմանեցնում: Շնորհակալ եմ քեզնից, որ ինձ բացատրեցիր այդ ամենը, սրանից հետո չպիտի հպարտանամ, որ չնմանվեմ սատանային:

Պատասխան. Շատ լավ է, որ չես հպարտանալու և սատանային չես նմանվելու, բայց սրա նման երկու այլ գարշելի մեղքեր կան ևս, որոնք մարդ արարածին նմանեցնում են սատանային: Եթե դրանցից չհրաժարվես, այլ միայն հպարտությունից հեռու մնաս, դարձյալ սատանայի որոգայթում կհայտնվես, որովհետև ճնճղուկը, եթե ոչ թե երկու ոտքով, այլ մեկ ոտքով ծուղակ ընկնի, միևնույն է չի կարող փախչել: Գլխավորը սատանայի ծուղակը չընկնելն է:

Հարց. Որո՞նք են այդ մեղքերը:

Պատասխան. Առաջին՝ նախանձը, սա նույնպես սատանայի հնարքն է, ինչպես հպարտությունը, այս է պատճառը, որ նախանձ մարդը սատանայից ոչնչով չի տարբերվում: Քանի որ սատանան հպարտանալով զրկվեց իր լուսեղեն փառքից և անմիջապես նախանձեց Ադամի փառքին: Նա ամեն բան արեց, որ Ադամին նույնպես զրկի փառքից և բոցեղեն սրով այս փշալից երկիրը աքսորեց, ու մարդը մահվան վճիռ ստացավ, ինչպես Սողոմոնն է ասում. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. Բ 24):



Հարց. Իսկ ո՞րն է նախանձը:

Պատասխան. Երբ տրտմում ես ընկերոջդ հաջողության վրա, իսկ ձախորդության վրա ուրախանում: Այսինքն՝ ընկերոջդ ունեցվածքի, զավակների, առևտրի հաջողության կամ ունեցած պատվի ու գիտության և մնացած օգտակար բաների վրա տրտմելն ու հոգ անելը նախանձություն է: Հակառակ պարագայում նմանապես նախանձություն է ընկերոջդ զավակ չունենալու կամ զավակի կորստյան, ունեցվածքի գողության, առևտրի ձախորդության ու անպատիվ լինելու կամ փորձանքի հանդիպելու, հիվանդանալու ու նրա գլխին եկած բոլոր պատուհասների վրա խնդալն ու ուրախանալը: Այս ամենը նախանձություն է, և այս հատկանիշներով մարդը ոչ մի տարբերություն չունի սատանայից:

Երկրորդ մեղքն էլ բամբասանքն է, որը նույնպես սատանայի հնարքն է: Քանի որ սատանան, նախանձելով Ադամի փառքին, օձի միջնորդությամբ մեր նախամայր Եվային ասաց. «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծննդ. Գ 2-3): Սատանան երբ այս պատասխանը լսեց, հասկացավ, որ Ադամն ու Եվան հնազանդ են Աստծուն և Նրա պատվիրանը պահելով՝ չեն ճաշակելու արգելված պտուղը, ուստի սկսեց բամբասել Աստծուց՝ ասելով. «Չեք մահանա, որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման. կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. Գ 4-5): Դրա համար Աստված ձեզ պատվիրեց, որ չուտեք, որպեսզի ձեր աչքերը չբացվեն:

Հարց. Տե՛ս, թե որքան չար բան է սատանայի արարքը:

Պատասխան. Սատանայի հանցանքը տեսնում ես, բայց մի՞թե դու չես բամբասում:

Հարց. Չբամբասող մարդ շատ քիչ կա, ճիշտ է, ես էլ եմ բամբասում, բայց այն շատ տարբեր է սատանայի բամբասանքից:

Պատասխան. Այդ ինչպիսի՞ն է քո բամբասանքը, որով տարբերվում ես սատանայից:

Հարց. Սատանան բամբասեց Աստծուց, քավ լիցի, որ ես նման բան անեմ, ես ինչպե՞ս կարող եմ բամբասել Աստծուց: Ես միայն բամբասում եմ ինձ նման մարդկանցից:

Պատասխան. Կարծում եմ, որ այն որպես մեղք չի էլ անցել մտքովդ, ինչպես հպարտության պարագայում: Երևում է՝ վախ չունես բամբասանքից:

Հարց. Վախ ամենևին չունեմ, բայց մի՞թե մարդ բամբասելը Աստված բամբասելուն հավասար պիտի դասես:

Պատասխան. Ոչ մի տարբերություն չկա՝ մարդու մասին ես բամբասել, թե՞ Աստծու, նույն բանն է: Որովհետև Աստված Իր պատկերով ստեղծեց մարդուն, դրա համար էլ մարդկանց ուղղված անարգանքը Աստծուն է ուղղված: Հաճախ է պատահում, որ պետական կամ թագավորական դրամ անարգողը մահվան է դատապարտվում կամ էլ կրում է համապատասխան պատիժ, որովհետև այդ դրամի վրա տպված է թագավորի պատկերը և կամ էլ անունը, իսկ մարդկանց վրա Աստծու պատկերից բացի Քրիստոսի անունը նույնպես կա, այս է պատճառը, որ Պողոս առաքյալն ասում է. «Ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ Աստծուն» (Ա Թեսաղ. Դ 8):

Հարց. Ես հենց այնպես չեմ բամբասում որևէ մեկին, չեմ զրպարտում որևէ մարդու. բայց երբ մեկը վատ բան անի, դառնում է իմ բամբասանքի առարկան, մի՞թե սա վնասակար է:

Պատասխան. Լսի՛ր Պողոսին. «Ո՛վ մարդ, դո՛ւ, որ դատում ես, չես արդարանալու այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան: Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են գործում: Իսկ արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծո՞ւմ ես, թե ազատվելու ես Աստծու դատաստանից» (Հռոմ. Բ 1-3): Տեսնո՞ւմ ես, որ եթե նույնիսկ ասածդ ճիշտ էլ լինի, չես կարող բամբասել, որովհետև ուրիշին բամբասելով՝ դու քեզ արդար պիտի ձևացնես այլոց աչքում, որը Քրիստոս կոչում է կեղծավորություն. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ, որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս Է 3-5):

Հարց. Ով ինձ չդիպչի, ես ոչինչ չեմ անի նրան, բայց ով իմ անունը վարկաբեկի ու բամբասի, ես էլ իմ ողջ կարողությամբ կփնովեմ ու կբամբասեմ նրան: Մի՞թե սա վնաս է:

Պատասխան. Վերհիշենք ԺԱ Շավիղում ասված Քրիստոսի խոսքը. «Չարին մի՛ հակառակվիր» (Մատթեոս Ե 39), եթե այս խոսքին չես հավատում, ամենամեծ վնասն է: Եվ եթե քեզ սիրողներին սիրես, բայց ատողներին ատես, քեզ գովաբանողներին գովես, բայց բամբասողներին բամբասես, այլևս որտեղի՞ց պիտի հայտնի լինի քո քրիստոնյա լինելը: Չէ՞ որ քո արածն անհավատներն էլ են անում, ինչպես որ Քրիստոս վկայեց, և Պետրոս առաքյալն էլ է հաստատում. «Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա Պետրոս Գ 9): Եվ Պողոս առաքյալը նույնպես մի քանի տեղ Պետրոսի նման գրում է. «Չենք կարող բամբասել մեզ բամբասողներին, ո՞ւր մնաց մեզ չբամբասողներին»:

Հարց. Շատ լավ, ինձ չբամբասողին չեմ բամբասի, անունս չվարկաբեկողին չեմ վարկաբեկի, բայց ինձ բամբասողին ու անունս վարկաբեկողին ինչպե՞ս համբերեմ:

Պատասխան. Դու հիմա Քրիստոսի հավատացյալ աշակերտն ես, Քրիստոս հրամայել է. «Ինձ հավատացողն իմ ետևից պիտի գա», և դու՝ որպես Քրիստոսի աշակերտ, պետք է նրա շավիղով ընթանաս, որպեսզի նրա մոտ հասնես: Հիսուս հրեաների բոլոր նախատինքներին ու բամբասանքներին համբերեց, ուրեմն դու էլ պարտավոր ես համբերել ուրիշի բամբասանքին:

Հարց. Իսկ Քրիստոսին ինչպե՞ս բամբասեցին:

Պատասխան. Ո՛չ միայն դիվահար, կախարդ, սամարացի անվանեցին, այլ նաև ասացին, որ դիվական իշխանությամբ է հանում դևերին: Մենք գիտենք, որ այս ամենը հերյուրանք էր և սուտ, բայց Ինքը համբերեց և փոխարենը ոչ մի կերպ չվատաբանեց ու չբամբասեց: Ինչպես որ Պետրոսն է ասում. «Նա, որ նախատվելով փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց» (Ա Պետրոս Բ 23): Վերոհիշյալ այս երեք մեղքերը՝ հպարտությունը, նախանձը և բամբասանքը, սատանայի հնարքն ու արվեստն են, որովհետև ինքն է ստեղծել, և չնայած այն բանին, որ բոլոր մեղքերի պատճառն ինքն է, բայց այս երեք մեղքերից բացի այլ մեղքեր ինքը չի գործում, այլ ուրիշին է գործել տալիս: Իսկ այս երեք մեղքերն ինքը հնարեց, գործեց և սովորեցրեց ուրիշներին, դրա համար էլ այս երեք մեղքերից որին էլ ձեռք մեկնես, անշուշտ սատանային կնմանվես, հետևաբար սատանայի բնակարանի՝ մութ ու խավար դժոխքի բնակիչը կլինես:

2 արտահայտվիր:

Anonymous said...
6/15/18, 1:31 PM

Դատելը վերևում նշված երեքից ամենավատն է: Ինչ մեղքերի համար մի մարդու դատում եմ նույնի մեջ էլ ընկնում եմ

Srk. said...
12/4/19, 2:42 AM

@Anonymous : Պիտի ասեմ, որ ցավ ի սիրտ, ճշմարտացի եք

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...