2.3.18

ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ - Շավիղ 19

Հարց. Եղբա՛յր, ապա ես ի՞նչ պետք է անեմ, ինձ թվում էր, թե ես զերծ եմ այդ մեղքերից, որովհետև չգիտեի, թե զրկելը կամ եղբայր ատելը մարդասպանություն է, իսկ աշխարհասիրությունը շնություն է և թշնամություն Աստծու հանդեպ, քանզի ինձ խրատ տվողները այդպիսի զգուշացում չէին արել:

Պատասխան. Այդպիսի խրատ տվողներին ի՞նչ ասեմ. այդ ցավը ինձ էլ է տանջում, եղբա՛յր: Վախենամ, թե սուտ մարգարեների ես հանդիպել:

Հարց. Ո՛չ, եղբա՛յր, ինձ խրատողները սուտ մարգարեներ չէին, այլ իմ ծնողները: Նրանք գոնե մի օր ինձ չասացին, թե սա մեղք է, մի՛ արա, այլ հակառակը՝ խստորեն պատվիրում էին, թե ամեն ինչ արա, որ դրամ վաստակես:

Պատասխան. Երանի քեզ, որ ծնողներդ սոսկ մեղքից չեն զգուշացրել, այլ ծնողներ կան, որ իրենց զավակներին չզգուշացնելուց բացի մեղք գործել են սովորեցնում: Կան ծնողներ, եղբայրներ, քույրեր կամ ազգականներ ովքեր, լեզուն դեռ նոր բացված մանկանը Աստծու անունը սովորեցնելու փոխարեն սովորեցնում են հայհոյանք ու անարգ վարմունք կամ էլ նրան քաղցրավենիք խոստանալով՝ ջանում են (համոզել) այս կամ այն մարդուն նախատել կամ ծաղրել: Ու երբ մեծերն իրենց նպատակին հասնում են, ծիծաղելով երեխային համբուրում են ու կատարում խոստացածը: Թեպետ իրենց զվարճանքի համար են սա անում, բայց այս վարմունքը սև ներկի նման ծածկում է երեխայի մատաղ սիրտը, որը, ինչպես հներն են ասում, տակավին «մաքուր տախտակ» է, և որի վրայից դժվարությամբ է մաքրվում մանավանդ ծնողների քսած ներկը: Ասում են, թե «Մարդու կիրքը հոգու մեջ է». ահա հոգու մեջ եղած կիրքը ծնողներից սովորած խոսքերն են, որոնցից հոգին չի ձերբազատվում մինչև մարմնից զատվելը: Ու երբ տղան մեծանում է, հայրը նրան դպրոց է տանում և ուսուցչին պատվիրում, որ հոգ տանի այնքան, ինչքան անհրաժեշտ է կարդալ սովորելու և մի քիչ թվաբանություն իմանալու համար: Եվ դպրոցը դեռ չավարտած՝ հանում է այնտեղից և տանում խանութ առևտուր անելու՝ նրան սովորեցնելով խաբեության և նենգության ճանապարհները. սուտ խոսել և սուտ երդումներով լավը վատի տեղ անցկացնել, թերակշռել և այլն: Այս բոլորի նպատակը մեկն է. դրամ վաստակել՝ ոչ մի բանի առջև կանգ չառնելով: Այսպիսի ծնողի հոգսը չէ, թե տղան այդ ճանապարհով ուր կգնա. դժո՞խք, թե՞ դրախտ: Եվ իրապես, ծնողների գերակշիռ մասի գլխավոր հոգսը զավակների՝ դրամ և ոչ թե արքայություն շահելն է:



Հարց. Հասկացա, բայց վերն ասացիր, թե սուտ մարգարեի ես հանդիպել, մի՞թե լինում է սուտ մարգարե, և ի՞նչ նշանով է ճանաչվում:

Պատասխան. Սուտ մարգարեն նա է, ով արքայություն գնալու լայն ճանապարհ է ցույց տալիս:

Հարց. Մի՞թե արքայությունը լայն ճամփա ունի:

Պատասխան. Քրիստոսի խոսքից իմացվում է, որ շատ նեղ է արքայության ճամփան. «Մտեք նեղ դռնով. ինչքան լայն է դուռը, և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքան անձուկ է դուռը, և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթեոս Է 13-14): Տե՛ս, թե որքան նեղ է այդ դուռը, որ քչերն են փնտրելով գտնում այն:

Հարց. Իմ կարծիքով արքայությունը շատ մեծ ու լայն, ընդարձակ վայր է, մի՞թե այդքան լայն վայրը նեղ դուռ կունենա:

Պատասխան. Քեզ հետ օրինակով խոսեմ, որ հասկանաս: Աշխարհում մեծ ու փառավոր քաղաքներ կան, բայց այդ քաղաքներ հասնելու համար անհրաժեշտ է շատ դժվարություններ հաղթահարել, լեռներ ու ծովեր անցնել: Բայց երբ այս բոլոր դժվարությունները հաղթահարելով քաղաք հասնենք ու վայելենք քաղաքի բարիքը, կուրախանանք և կմոռանանք ճանապարհի նեղությունները:

Հարց. Մի՞թե արքայության ճանպարհի վրա ծով կա:

Պատասխան. Այո՛, արքայության ճանապարհի վրա ևս ծով կա: Բայց շատ տարբեր է այս աշխարհի ծովերից: Այս աշխարհի ծովը միայն մարդկանց մարմինն է խեղդում, իսկ այն ծովը ոչ միայն մարմինն է խեղդում, այլև հոգին: Այս աշխարհի նյութեղեն ծովում համեղ ձկներ են լողում, մինչդեռ այդ ծովում օձ, կարիճ և թունավոր սողուններ կան, որոնք խայթում են մարդկանց հոգիները: Այն ծովն աներևույթ է:

Հարց. Եթե աներևույթ է, ապա դու որտեղի՞ց գիտես այդ մասին, անշուշտ մեկը պատմել է քեզ, լավ կլինի, եթե ինձ էլ բեցատրեիր:

Պատասխան. Նկարագրածս ծովը այս աշխարհի մեղքի ծովն է, որի մեջ տարուբերվելով մարդկային հոգու նավը ենթարկվում է ալիքների քմահաճ ծփանքին կամ կատաղի հարվածներին: Ուստի անհրաժեշտ է, որ հոգու նավը զգույշ ընթանա, զերծ մնա ալիքների դավադիր հարձակումից և չընկղմվի ծովի խորքը, այլ հույսով սպառազեն՝ անցնի այս աշխարհի ալեկոծությունների միջով և հասնի փափագելի նավահանգստին՝ վայելելու արքայության անվախճան փառքը:

Հարց. Հասկացա, որ «ծով» ասած բանը մեղքի ծովն է, բայց նեղ դուռն ու նեղ ճամփան ո՞րն է :

Պատասխան. Այս աշխարհի մեջ հոգևոր նեղության դռներն են, որոնցից ներս մտնողը պետք է հնազանդորեն գլուխը խոնարհի, ինչպես Քրիստոս է ասում. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք» (Հովհաննես ԺԶ 33):

Հարց. Քրիստոսի ասած նեղությունը մի՞թե կենցաղային դժվարություններից է առաջ գալիս. անհաջողություններ առևտրում, նյութական կամ դրամական զանազան հոգսեր և այլն:

Պատասխան. Ո՛չ, եղբա՛յր, այդ ամենը մարմնի հանգստության, դրամ շահելու համար եղած նեղություններ են, որոնք ոչ միայն անօգուտ են, այլև մեղսալի: Քրիստոսի ասած նեղությունները սրանք են.

Ա. սիրի՛ր թշնամուդ,
Բ. եթե մի ծնոտիդ հարվածեն, մյուսն էլ դարձրու,
Գ. քեզ վատություն անողներին լավությո՛ւն արա,
Դ. քեզ անիծողներին օրհնի՛ր,
Ե. քեզ բամբասողների համար աղոթի՛ր,
Զ. եթե զրպարտեն և անվանարկեն քեզ, տոկալով համբերի՛ր, ծոմ պահի՛ր, աղոթի՛ր,
Է. ունեցվածքդ կարոտյալներին բաշխի՛ր:

Ահա սրանք են Քրիստոսի ասած նեղությունները, որոնք նման են տան նեղ և ցածր դռան, որով ներս մտնելու համար պետք է մեր գլուխը խոնարհենք: Այդպես էլ նեղության մեջ հայտնվելիս հարկավոր է խոնարհաբար տանել բոլոր դժվարությունները, որպեսզի արժանի դառնանք երկնքի արքայությանը:

Հարց. Այդ բոլոր դռներից անցնելը շատ դժվար է երևում:

Պատասխան. Ուրեմն քո նպատակը արքայություն գնալը չէ, այլ զուր տեղն ինձ հոգնեցնելը: Եթե իսկապես ցանկանում ես արքայություն գնալ, պետք է սիրով և հոժար կամքով տանես բոլոր դժվարությունները և նեղ դռնով կամ նեղ ճանապարհով անցնելիս թիկունքիդ ծանր բեռ չպետք է կրես, որպեսզի դյուրությամբ ներս մտնես:

Հարց. Բեռն ո՞ւր են տանելու, մի՞թե կարելի է բեռ տեղափոխել անդենական աշխարհ:

Պատասխան. Այդ բեռը քո տեսած բեռներից չէ, այն աներևույթ է և մարդու թիկունքից երբեք չի իջնում: Նյութական բեռ տանող բեռնակիրը մի որոշ տեղ տանելուց հետո բեռն իջեցնում է թիկունքից և հանգստանում, մինչդեռ աներևույթ բեռը ո՛չ ցերեկն է թիկունքից իջնում, ո՛չ գիշերը: Այս բեռը մարդու թիկունքին է ոչ միայն նրա կենդանության, այլև մեռած ժամանակ:

Հարց. Թիկունքի բեռը ի՞նչ է:

Պատասխան. Չկա թե՛ արդար և թե՛ մեղավոր մարդ, որ թիկունքին բեռ չունենա, արդարների բեռը թեթև է, մեղավորներինը՝ ծանր:

Հարց. Որտեղի՞ց է հայտնի, թե արդարները բեռ ունեն:

Պատասխան. Այդ մասին վկայում է Ինքը Քրիստոս. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս ԺԱ 28):

Հարց. Քրիստոսի ասած բեռն ի՞նչ է:

Պատասխան. Քրիստոսի ասած բեռը շատ թեթև է և շատ անուշ է, ինչպես ասում է. «Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս ԺԱ 30): Եվ այդ բեռը Աստծու պատվերներն են, ինչպես Դավիթն է գրում. «Որքան քաղցր են Քո խոսքերն իմ քիմքին, ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սաղմոս ՃԺԸ 103): Հիմա տեսա՞ր, որ մեր բեռը Աստծու պատվերները պետք է լինեն, որոնք թեթև և անուշ են: Եթե Աստծու պատվերների բեռը վերցնես, շատ հեշտությամբ կանցնես նեղ դռներով և քարքարոտ ճամփաներով ու կմտնես արքայություն, որովհետև նրանք լույս են սփռելու քո ճանապարհին, որպեսզի չգլորվես, չմոլորվես և չսուզվես մեղքի ծովի մեջ:

Հարց. Աստծու խոսքերն ինչպե՞ս կարող են լուսավորել ճանապարհներս:

Պատասխան. Ահա Դավիթ մարգարեն է վկայում. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս ՃԺԸ 105), իսկ Սողոմոն իմաստունը գրում է. «Օրենքի պատվիրանը ճրագ է, հանդիմանությունը և խրատը լույս են և կյանքի ճանապարհ» (Առակ. Զ 23): Տեսա՞ր, եղբա՛յր, արքայության ճանապարհով քայլող մարդը Աստծու պատվերները պահելով և ամեն տեսակ նեղություններին տոկալով պետք է առաջ ընթանա, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծու արքայություն» (Գործք. ԺԴ 21): Առանց նեղության արքայության չես հասնի. ում որ հարցնես, այդ կասի քեզ, թե՛ Քրիստոս և թե՛ առաքյալներն այդ են ասել և այդ ճանապարհով անցել:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...