28.10.12

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐ ԿԱՄ ՎԱՐԴԱՊԵՏ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով, ինչպես նաև Սուրբ Գրքի «ուղնուծուծը ըմբռնածների սադրանքով» :))) այս և հաջորդ գրառումները կլինեն հոգևորականների դիմելաձևերի շուրջ: Տեր Ադամ քահանա Մակարյանի կողմից պատրաստված այս հոդվածները ժամանակին տեղադրված էին բլոգում առանձին էջով, սակայն բլոգի ձևափոխման արդյունքում դրանք դուրս մնացին. այժմ հոդվածները վերահրապարակվում են: Շնորհակալություն Արժանապատիվ Տեր Հորը այս սպառիչ հոդվածները պատրաստելու և մեր ուշադրությանը հանձնելու համար:

Որոշ մարդիկ և հատկապես աղանդավորները հաճախ հետևյալ մեղադրանքն են անում. «Քրիստոս ասաց` ոչ ոքի ուսուցիչ կամ հայր չկոչեք, բայց ահա հոգևորականներն արհամարհում են Քրիստոսի պատվիրանը և ստիպում են մարդկանց իրենց կոչել տեր, վարդապետ կամ հայր»։ Հոգևորականներին «տեր հայր» կամ «հայր սուրբ» դիմելաձևը աղանդավորների և եկեղեցու հետ շատ քիչ կապ ունեցող, սակայն իրենց աստվածաշնչի գիտակներ համարող մարդկանց կարծիքով Քրիստոսի կողմից ասված մի կարևոր պատվիրանի խախտում է։ Իրոք, Քրիստոս Մատթեոսի Ավետարանում ասում է. «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է։ Եվ ուսուցիչներ չկոչվեք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը» (Մատթ. 23.8-10)։
Քրիստոսի խոսքերն օգտագործելով` այսպիսի մեղադրանք հնչեցնելը նշանակում է, որ և՛ դպրոցներում պետք է արգելել ուսուցիչ բառը, և՛ գիտնականներին պետք է զրկել իրենց գիտական կոչումներից, էլ չենք մանրամասնում, որ ոմանք նույիսկ արգելում են ծնողին հայր կոչելը։ Այսպիսի միտումները, ինչ խոսք, նորմալ մարդկանց համար անհեթեթություն են թվում։ Նախ նրանք, ովքեր ասում են, որ հայր կամ ուսուցիչ` վարդապետ, չպետք է կոչել ոչ ոքի առավել ևս հոգևորականներին, քանզի Քրիստոս արգելում է այդպիսի կոչումները, իրենց վրա են բարդում Աստվածաշնչի շատ տկար իմացության մեղքը։ Քրիստոս այս պատվերը տվեց այն ժամանակ, երբ դատապարտում էր փարիսեցիներին ու օրենսգետներին, որովհետև նրանք սիրում էին իրենց վերաբերող այդպիսի պատվավոր կոչումներ լսել։ Եվ Քրիստոս առաջին հերթին պատվիրեց խուսափել կոչումների պատճառով հպարտությունից ու սնափառությունից, քանի որ օրենսգետներն ու փարիսեցիները, որոշ գիտելիքների տիրապետելով, այնպես էին հպարտանում, կարծես հենց իրենք են դրանց աղբյուրը։ Գիտելիքների և մարդկային լինելիության սկզբնապատճառը Աստված է, և այս բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել հայր կամ ուսուցիչ, սակայն մենք այդ անվանումներն օգտագործում ենք որպես պարզ պատվանուն։ Դարձյալ մեզ հակառակվողներից ոմանք գուցե ասեն. «Ահա տեսեք, ինչ-որ այլաբանական բացատրություններ են տալիս` խուսափելով կոնկրետ պատասխանից»։ Սակայն նորից նշենք, որ այսպիսի բան ասողը կրկին իր վրա է բարդում Աստվածաշնչի տկար իմացության մեղքը: Նախ Քրիստոսի ասածը, ինչպես որ բացատրվեց, այդպես հասկացան նաև առաքյալները և բացարձակ իմաստով ոչ ոքի հայր կամ ուսուցիչ չկոչեցին, սակայն որպես պատվանուն օգտագործեցին դրանք։ Այս կարծիքին հակառակվողներին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս ընթերցել Պողոս առաքյալի թղթերը, որոնց մեջ առաքյալն ինքն է իրեն ուսուցիչ կոչում, իսկ հակառակվող մարդկանց գործն ավելի հեշտացնելու նպատակով նշենք նաև մի քանի համարներ։ Տիմոթեոսին ուղղված առաջին նամակի 2-րդ գլխի 7-րդ համարում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար իսկ ես կարգվեցի որպես քարոզիչ և առաքյալ, (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), եղա վարդապետ` ուսուցիչ, հեթանոսների` հավատով և ճշմարտությամբ»։ Իսկ Տիմեթեոսին ուղղված Բ նամակի առաջին գլխի 11-րդ համարում առաքյալն ասում է. «Ավետարան, որին քարոզիչ կարգվեցի ես և առաքյալ ու վարդապետ հեթանոսների»: Իսկ ծնողին հայր չկոչելու պնդումն արդեն դուրս է մարդկային առողջ բանականության սահմաններից։ Եվ եթե Քրիստոս ընդհանրապես արգելեր հայր բառի գործածությունը բացի Աստծուն դիմելու ձևից, ապա Ինքը շատ անգամներ չէր օգտագործի հայր բառը։ Եվ սա դարձյալ ցույց տանք աստվածաշնչյան մեջբերումներով։ Սկսենք Աստվածաշնչի հենց ամենասկզբից։ Ծնողի համար հայր բառն առաջին անգամ Աստծո հավանությամբ գործածեց Ադամը, երբ խոսելով կնոջ մասին` ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը` պետք է միանա իր կնոջը» (Ծննդ. 2.24)։ Աստված Ինքը ծնողի համար գործածեց հայր բառը տասը պատվիրանների մեջ` ասելով. «Պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.12, Բ Օր. 5.16)։ Դարձյալ, երբ Աստված երևում է Իսահակին, Մովսեսին, ասում է. «Ես քո հոր Աստվածն եմ» (Ծննդ. 26.24, Ելք 3.6), նաև պատվիրում է Մովսեսին. «Այսպես կասես իսրայելացիներին. «Ձեր հայրերի Տեր Աստվածը` Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է առաքել ինձ» (Ելք 3.15)։ Առակների մեջ 23-րդ գլխում աստվածաշնչյան իմաստունն ասում է. «Լսիր որդյակ քեզ ծնող հորը» (22)։ Նոր Կտակարանում արդեն` Մատթեոսի Ավետարանում, Հիսուս Քրիստոս ծնողի համար դարձյալ օգտագործում է հայր բառը` ասելով. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ ետևից» (Մատթ. 19.4)։ Մարկոսի Ավետարանում Քրիստոս, հիշեցնելով Մովսեսի օրենքը, ասում է. «Ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թող պատժվի» (7.10)։ Ղուկասի Ավետարանում օրենսգետներին դիմելով` Քրիստոս ասում է. «Ձեր հայրերը սպանեցին մարգարեներին» (11.47)։ Նաև առաքյալները Գործք Առաքելոցում և իրենց թղթերում բազմաթիվ անգամներ գործածում են «հայր» բառը: Սա ցույց է տալիս, որ Քրիստոս, ասելով` «ոչ ոքի հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է», նկատի ուներ, որ ոչ ոքի Հայր չկոչենք աստվածային բացարձակ իմաստով, այլապես Ինքը շատ անգամներ հայր բառը չէր օգտագործի։ Կարծում ենք, որ այսքանը լիուլի բավական է թերահավատներին հաստատելու և հակառակվողների տգիտությունը ցույց տալու համար։ Ահա տեսնում ենք, որ բացարձակ իմաստով արգելված է որևէ մեկին կոչել «ուսուցիչ» կամ «հայր», սակայն որպես պատվանուն դրանք գործածել է և՛ Հայր Աստված, և՛ Որդին Աստված` Քրիստոս, և՛ առաջին մարդը` Ադամը, և՛ առաքյալները։ Եվ այս ամենից մենք բոլորս միայն մեկ եզրակացություն կարող ենք անել` ոչ թե Եկեղեցին է խախտում Քրիստոսի պատվիրածը, այլ տարբեր աղանդավորներ մոլորեցնում են մարդկանց` գցելով շփոթության մեջ։ Սա նշանակում է, որ աստվածային պատվիրանները ճշմարտությամբ ուսուցանում և մարդանց դեպի Երկնային Արքայություն է առաջնորդում միմիայն Ճշմարիտ Եկեղեցին, որին մենք բոլորս պետք է հավատարիմ մնանք մեր ողջ կյանքի ընթացքում։
Շարունակելի

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

3 արտահայտվիր:

Blog News said...
10/30/12, 9:54 AM

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Տաթևիկ said...
10/31/12, 8:14 AM

Շատ օգտակար էր, շնորհակալություն!

Srk. said...
10/25/14, 10:35 AM

Այս թեմայով ևս մի բացատրություն՝ https://www.youtube.com/watch?v=-8Zbl6BPAxs&feature=youtu.be&list=UUtjZCcT5m9ifS_nVnEyGuvQ

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...