Նվիրվում է ազնիվ ընկերոջս`
Տաթևիկ Աղաբաբյանին
Դրամապանակը, որ գտել էր թերթի կրպակից վերադառնալիս` շենքի մուտքի մոտ, այժմ աղքատիկ հյուրասենյակի շրջանաձև հին սեղանի ուղիղ կենտրոնում էր: Ակնապիշ նայում էր դրան, նայում չթարթելով, արցունքոտվելու չափ ակնապիշ: Հառել էր չռած հայացքը կաշվե առարկային ու մտածում էր, վերհիշում թե ինչպե՛ս վերցրեց այն:
Հեռվից էր նկատել դարչնագույն իրը գետնին (չնայած ծեր տարիքին` տեսողությունն անթերի էր, և ինքն էլ առույգությունից ու առողջությունից այդքան բողոք չուներ) ու հետաքրքրությունից մղված` մոտեցել էր: Կանգնել էր դրամապանակի վերևում, մի քանի վայրկյան մտածել, զգուշավոր հայացք նետել աջ, ապա` ձախ, ցուցամատով սրբել ճակատի, հետո բարակ բեխերի տակ հայտնված քրտինքը, ապա իբր թե պատահական ձեռքից գետին էր սահել օրաթերթը, որի հետ միասին դրամապանակը կտրվել էր գետնից…
Այժմ դրամապանակը սեղանի կենտրոնում էր, ծերունու անքթիթ հայցքը` դրա վրա:
«Ինչո՞ւ վերցրեցի, - հարցը փոթորկում էր ներաշխարհը,- ինչի՞ համար կրկնեցի,- աղիողորմ ճչում էին արդարությունն ու դառնությունը` կոկորդը սեղմելով, - խրատ չեղա՞վ»:
Կարծես երեկ էր` տասներեք-տասնչորս տարեկան կլիներ. բարձրախոսներն արդեն կոկորդ էին պատռում` հայտարարելով, որ պատերազմը սկսված է: Սովը մահազդու լռությամբ ներխուժեց քաղաք, և մարդիկ սկսեցին մահանալ, ավելի ճիշտ` դադարեցին ապրել: Քաղցած էր… Շուկայում ձեռքը կարծես անկախ իր կամքից մտավ հաստափոր կուսակցականի գրպանը… դրամապանակը ձեռքում էր, իսկ չինովնիկի ձեռքում` իր դաստակը: Աղմուկ-աղաղակ… ապտակ… ոստիկաններ… դարձյալ ապտակներ… ուշաթափություն:
… Արթնացավ ստամոքսի սովահար կծկումներից. ոստիկանության ճաղազարդ խցում էր: Կողքին բախտակիցներ էին` կեղտոտ ու անմխիթար: … Ուտելիք բերեցին` կես կտոր որթնած սև հաց և կիսել…
… Արթնացավ ստամոքսի սովահար կծկումներից. վագոնում էր իր պես թշվառների, ոստիկան-զինվորների և սոխի պարկերի հետ. տանում էին առաջին գիծ: Հսկիչներից աննկատ 2-3 գլուխ սոխ խցկեց ծոցը:
… Ֆրոնտ… ճզմած սոխ` աչքերի մեջ ու քացիներ, հրամաններ, գոռում-գոչյուն, կրակոց, ևս մեկը, միալար կրակահերթ, արյուն ու անդամահատված մարդիկ, սևով թաղված անթաղ դիակներ և ամենակսկծալին` քաղց:
… Արթնացավ ստամոքսի սովահար կծկումներից… Գերի է. համակենտրոնացման ճամբարում էլ սով է` ամբողջ 3 տարվա սով: Միակ լավ հիշողությունը… շրթհարմոն` հուզիչ ու զրնգուն, սփոփիչ ու ազատատենչ:
… Արթնացավ ստամոքսի սովահար կծկումներից: Քանդում էին ճամբարի պարիսպները. հաղթանակ: Վերջապես հաց կերավ…
Սովետական Հայաստան … Արթնացավ ստամոքսի կծկումներից. չէ՛, այս անգամ սով չէր. անցած գիշեր հարևանին էին գնդակահարել` մեղադրելով գերմանական լրտեսության մեջ, այս գիշեր իր հերթին էր սպասում…
… Արթնացավ հուշերից… Դրամապանակը սեղանի կենտրոնում էր դարձյալ. ճիշտ կուսակցականի լայնաբերան գրպանի դրամապանակն էր: «Ի՞նչ անեմ…»: Դողացող ձեռքը վարանոտ մոտեցրեց կաշվե դահճին: Ձեռքը սկսեց այրվել, մատները կարծես ուզում էին ետ ծալվել, միայն թե չդիպչեին դրան… Վերցրեց… Գլխուղեղում լույսի պես միտք շողարձակեց` ոչնչացնել: Մոտեցավ պատուհանին, լայն բացեց փեղկերը և գազանաբար մռնչաց. «Գնա՛, ուրիշին դժբախտացրու»: Ձեռքը ձգեց` դուրս շպրտելու… Որոշեց ստուգել պարունակությունը. 4-5 հատ գեղեցիկ ու լայն թղթադրամներ էին. երբեք դրանցից չէր տեսել` ո՛չ դոլար էր, ո՛չ ռուբլի և ոչ էլ առավել ևս հայկական դրամ, բայց հաստատ մեծ գումար էր: Մտովի պատկերացրեց, թե ի՛նչ կգներ այդպիսի մեծ գումարով, և միակ բանը, որ ծնեց միտքը, շրթհարմոնն էր, ամիսներ առաջ շուկայում տեսած արծաթազօծ թանկարժեք շրթհարմոնը… հուզվեց…
- Հեռո՛ւ ինձանից, անխիղճ, հեռու՛,- բղավեց, ու դրամապանակը սուրաց երկնքով` բացելով կաշվե թևերը:
Արագ-արագ վրա բերեց պատուհանափեղկերը, քաշեց արևից գունաթափված վարագույրները և հեռու ցատկեց պատուհանից: Գողի զգուշավոր քայլվածքով մոտեցավ սեղանին և տանջող վերհուշերը դարձյալ սկսեցին հին շարժապատկերի նման թերթվել մտքում: Այս անգամ երկար չմտորեց. կտրուկ պոկվեց տեղից և մի տեսակ անհանգստացած դեմքով դուրս ելավ: Պատուհանի տակ` թփերի մեջ, դրամապանակը չգտավ, փնտրեց նաև աղբի կույտերի շրջակայքում, չկար: Ի վերջո գտավ ճամփեզրին` ակնհայտ մի տեղում: «Հա՜, անիրա՜վ, հերթական զոհիդ էիր սպասո՞ւմ, ես հիմա կուղարկեմ քեզ գրողի ծոցը»: Մտքերն անակնկալ քարկապ ընկան. իսկ ի՞նչ պետք է անի, ո՞ւմ վերադարձնի դրամապանակը, ո՞վ է դրա տերը: Նորից գողտրիկ հայացք գցեց դրամապանակի պարունակությանը և գլխարկի վրայից քորելով գլուխը` մրմնջաց. «Այսպիսի մեծ գումար միայն երկրորդ հարկի հարուստները կունենային, հա-հա, հաստատ դրանցն է»: Միտքը կարծրացավ վերադարձնելու գաղափարի վրա:
- Կգնամ, դուռը կծեծեմ, կինը կբացի դուռը, ավագ որդուն կհարցնեմ (լավ տղա է, հոր պես չէ), տանը չի լինի, հաստափոր, մռայլադեմ ամուսինը կգա` վարտիքով, կիասմերկ, կլսի, կմեղադրի, ամոթանք կտա, կբռնի դաստակիցս ու… Սիրտը սկսեց արագ բաբախել: Չէ՛, ավելի լավ է թողնեմ դռան շեմին, կգան, կտեսնեն, կվերցնեն:
Քառորդ րոպեից դրամապանակը դռան առջև էր` դրված խնամքով ու զգուշությամբ: Մի քանի րոպե սպասեց վերևի հարկում` ականջը պահած ոտնաձայների: Ոստիկանական մեքենայի զրնգուն ազդանշան լսվեց: Ծերուկն առանց ակնթարթ կորցնելու ծտի թևով սուրաց չորրորդ հարկ, տուն գցեց իրեն, կողպեց դուռը և սկսեց դիտանցքից լրտեսել: Ոչ ոք չկար: Նորից նստեց հյուրասենյակի շրջանաձև սեղանի առջև, խոր շունչ քաշեց և հևալով հավաքեց մտքերը: Որոշեց, որ դրամապանակը ճիշտ տեղում չէ. մի գուցե բնակարանի տիրոջինը չէր: «Գնամ, գնամ դնեմ շենքի մուտքի առջև, այնտեղ, որտեղից այն գտել եմ, տերը կգա ու կգտնի»:
Դուրս գալուց առաջ կարգի բերեց իրեն, հայելու դիմաց անհամոզիչ անհոգ դեմք ընդունեց և մանրաքայլ իջավ երրորդ հարկ: Վիզը ջայլամի պես երկարեց բազրիքներից այն կողմ` տեսնելու երկրորդ հարկի «հարուստների» դուռը:
6 արտահայտվիր:
Տաթև ջան հիշում ես երևի, որ սա նվիրել եմ հոգևոր ծնունդիդ` մկրտությանդ առիթով: Այժմ հրապարակում եմ տարեդարձիդ առիթով: Շնորհավորում եմ: Աստված թող քեզ չարի փորձություններից միշտ հեռու պահի: :)
karda patmvacqe... inz shat dur ekav... uxxaki chgitemm.. ete mi ban gtel es.. urmne qune chi?
Հարգարժան Դավիթ ուրախ եմ, որ հավանեցիր: Ես միշտ գրում ու մինչև վերջ էլ չեմ հավանում իմ գրածները, այդ իսկ պատճառով ձեր օբյեկտիվությունը ինձ վստահություն է ներշնչում կամ մտածելու առիթ տալիս:
Ինչ վերաբերում է պատմությանը, ասելիքս ամենևին գտած բանի մասին չէր /ամենամեծ թերությունս այն է, որ ես թաքնված իմաստ եմ միշտ դնում գրածներիս մեջ, որոնք մարդիք դժվար կնկատեն/: Անշուշտ եթե մի բան քոնը չի, ուրեմն ուրիշինն է այդ թվում նաև գտածը, եթե հատկապես գիտես թե ով է տերը, բայց դրամապանակն այստեղ մարմնավորում էր մեղքը, մարդու մեղքը, որից ոչ մի կերպ չի կարողանում պոկ գալ մարդը, այն հետապնդում է մարդուն հատկապես այն դեպքում երբ մարդ վճռական տրամադրված չէ դրանից ազատվելու հարցում /ինչպիսի մեղք էլ լինի/: Բայց միշտ կա խիղճը որը միշտ դաստիարակում է քեզ, միանում է, երբ սխալ քայլ ես գործում... Այդ խիղճը երբեմն երկընտրանքի առաջ է կանգնեցնում մարդուն` ընտրել հաճելին բայց վատը, թե ընտրել ոչ այդքան հաճելին, բայց լավը: Սակայն երբ չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, Աստված է հաճախ աննկատ միջամտում մեր կյանքում վերացնելով դրամապանակները մեր աչքից: Եթե վերստին կարդաս այս մտածելով, կարծում եմ կհասկանաս, թե ինչ նկատի ունեի ես գրելիս և թե ինչպես եմ պատկերում մարդու դեգերումը խավարի միջով: Շնորհակալ եմ:
Շատ պատկերավոր էր,Արթուր ջան:Այո,իսկապես,շատ հաճախ մի մեղք գործելով`չենք էլ նկատում ինչպես ենք ընկնում արատավոր շրջանի մեջ:Փառք Աստծուն,որ այնքան է սիրում մեզ,որ այն ամենից հետո ինչ արեց մեզ համար դեռ միջամտում է:))) Այդ պահը ևս շատ գեղեցիկ էր ընդգծված: Ապրես!!!
Միտքը շատ լավն էր: Այս կյանքի լայն ճանապարհի վրա մենք դեռ շատ այսպիսի խոչնդոտների կհանդիպենք, սակայն պետք է միշտ հիշել, որ այդ ամենը ոչինչ են Ճշմարտության համեմատ: Տկար մարդը ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել այս գայթակղությունները: Աղոթենք Աստծուն, որ ուղղորդի մեձ դեպի նեղ ճանապարհներ, որպեսզի չնմանվեք մի մարդու, որը բարձունքից տեսնում է քաղաքը, բայց չի իմանում, թե ինչպես հասնել այնտեղ, այլ գտնենք այդ ՛Քաղաք՛ տանող ճանպարհը, գնանք և բնակվենք այնտեղ: Շնորհակալություն Արթուր ջան:
Արթուր
Շնորհակալություն գովասանքների համար :)
Աննան ինչպես միշտ իմ օբյեկտիվ սանդղակն է այս հարցում:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: