Իսահակը Աբրահամ նահապետի որդին էր։ Բավական առատ պատմություններ կարելի է գտնել նրա մասին Աստվածաշնչի առաջին՝ Ծննդոց գրքի մեջ, սակայն դրանք առավելաբար վերաբերում են կա՛մ Իսահակի մանկության, կա՛մ արդեն ծերության շրջանին (Ծննդ. 22, 27 գլուխներ)։ Նրա երիտասարդության տարիների մասին հատկապես հայտնի է Ռեբեկայի հետ ամուսնության պատմությունը (Ծննդ. 24 գլուխ), որն, ի դեպ, իր փոքրիկ արտացոլանքն է գտել նաև Հայոց Եկեղեցու Պսակի խորհրդի մեջ, ուր ծիսակատար հոգևորականն աղոթում է. «Տեր Աստված հավիտենական, որ իրար ես միացնում և անբաժանելիորեն կապում ամուրիներին, Իսահակի և Ռեբեկայի պես օրհնիր և քո խոստման ժառանգորդներ դարձրու նաև պսակադրվող այս զույգին…»: Ինչպիսի՞ օրհնության և ի՞նչ խոստման մասին է այս խոսքը: Հակառակ որ երիտասարդ այս զույգը ամենասուրբ սիրով էր կապված, մեկ բան, սակայն, պակասում էր ընտանեկան երջանկության ամբողջության համար. Իսահակը և Ռեբեկան չէին կարողանում զավակներ ունենալ: Աստված, սակայն խոստացել էր, որ Աբրահամի սերունդը երկնքի աստղերի չափ պիտի շատանար, և Իսահակը երբեք չէր կորցնում հույսը. չէ՞ որ ինքն էլ աստվածային հրաշքի ծնունդ էր։ Ուստի «Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետև սա ամուլ էր։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ» (Ծննդ. 25:22):