Showing posts with label Ղուկաս 2։41-49. Show all posts
Showing posts with label Ղուկաս 2։41-49. Show all posts

12.12.20

19. ՀԻՍՈՒՍ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՊԵՏԵԼԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։41-49
41 Նրա ծնողներն ամեն տարի՝ Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում։ 
42 Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան։ 
43 Երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, իսկ նրա ծնողներն այդ չիմացան։ 
44 Կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է. մեկ օրվա չափ ճանապարհ եկան և նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ 
45 Բայց երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան՝ նրան փնտրելու։ 
46 Երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս։ 
47 Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։ 
48 Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ 
49 Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ 


Հիսուսի անձնական կյանքի առաջին մասից Ղուկասը հիշում է մի դեպք, այդքանով բավարարվելով ապացուցելու համար Հիսուս Մանուկի աստվածային վեհությունը:
Ամեն հրեայի համար օրենք էր զատիկը  կատարել գառնակերությամբ և բաղարջակերությամբ, և ամեն բարեպաշտ հրեայի համար էլ օրենք էր զատկական զոհ մատուցելը, իսկ զոհի համար էլ անհրաժեշտ էր Երուսաղեմ գնալ, քանի որ տաճարից դուրս զոհ մատուցելը օրենք չէր (Բ Օր. 16։ 16): Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հավատացյալներ, ամեն տարի զատկի տոնին Նազարեթից Երուսաղեմ էին գալիս, կատարում էին զատկի օրենքն ու զոհը և վերադառնում Գալիլիայի ուխտավորների քարավաններից մեկի հետ, որոնք ամեն տարի գավառային ուխտավորների մեծ բազմություն էին բերում Երուսաղեմ: Նախորդ տարիների նման, Հովսեփն ու Մարիամը եկել էին Երուսաղեմ, երբ Հիսուսի տասներկու տարին լրացել էր, այսինքն, Հռոմի 464 թվականիզատկին, Հիսուսի ծննդյան 13 տարին, և մեր սովորական թվականի 9 տարին, երբ Հիսուսին արդեն նորահաս պատանի կարելի էր համարել: Տոնը ավարտվեց, քարավանի վերադառնալու օրը եկավ, և ամենքը, իրենց պատրաստությունները տեսնելով, դիմեցին դեպի առաջին գիշերելու օթևանը: Մարիամն ու Հովսեփն էլ ճամփա ընկան՝ առանց Հիսուսին փնտրելու, որը ազգականների ու ծանոթների մոտ էր գնում-գալիս, մտածելով, թե առաջին օթևանը նրանց մոտ կարող էր անցկացնել: Պետք է իմանալ, որ քարավանների սովորությունն էր, ինչպես այսօր էլ է, ճամփորդների ժամադրավայրը համարել առաջին օթևանը, որը սովորաբար քաղաքից մի քիչ հեռու տեղ էր լինում, որպեսզի ամեն ոք ուզած ժամանակ գնա այնտեղ, մինչև իսկ գիշերն էլ, և միայն մյուս առավոտյան, առաջին օթևանից քարավանը կանոնավոր ճամփա էր ընկնում: Հետևաբար շատ բնական էր, որ Հովսեփն ու Մարիամը մինչև առաջին օթևան գնալը Հիսուսին չէին փնտրել, որը, որպես բանիմաց պատանի, կարող էր ուրիշ ծանոթի հետ նույն օթևանը հասնել ավելի ուշ:

Օթևանում սկսում են բոլոր ազգականների և ծանոթների մոտ փնտրել, և Հիսուսին չեն գտնում, և ստուգելով, որ քաղաքից իսկ դուրս չի եկել, վերադարձան Երուսաղեմ և երեք օր շարունակ քաղաքում այս ու այն կողմ ընկնելով, բոլորին հարցնելով, փնտրում են: Եվ վերջապես, երեք օրից հետո, բարի մի դիպվածով կամ որևէ մի բարեսեր մարդուց լուր առնելով՝ գտնում են նրան տաճարում, դպիրների և օրինականների հետ, նրանց միացած և նրանց հետ նստած, ու նրանց հետ հավասար խոսքի մտնելիս: Խոսում էր Ս. Գրքի խնդիրների վերաբերյալ, լսում էր նրանց ասածները, ինքն էլ էր խնդիրներ առաջարկում և իրեն առաջարկած խնդիրներն էլ լուծում այնպիսի ձեռնհասությամբ և հմտությամբ, որ նույնիսկ օրենքի վարդապետներն էին հիանում նրա հանճարի և իմաստության, նրա տված լուծումների բարձրության և ճշտության վրա:

Հովսեփն ու Մարիամը իրենք էլ զարմացան, երբ տեսան Հիսուսին այդպիսի դիրքի և պատվի մեջ, բայց չկարողացան զսպել իրենց ցավը, որ երեք օր իրենց անտանելի տագնապների և կասկածների մեջ էր թողել՝ առանց լուր տալու. «Այս ինչ բերեցիր մեր գլխին,-ասաց Մարիամը, գանգատվելու քաղցր շեշտով,-ահա արդեն երեք օր է, ինչ հայրդ ու ես քեզ փնտրելով հոգնեցինք և տառապեցինք»: Հիսուս, պատասխանելով մոր գանգատին, ասաց. «Ինչո՞ւ իզուր տեղը այս ու այն կողմ ընկաք, պետք է ուղիղ տաճար գայիք և այստեղ փնտրեիք: Ես ի՞նչ անեմ, որ ձեր մտքով չանցավ, թե տաճարը Աստծու տունն է, իմ հորս տունն է, և ես էլ պետք է հորս տանը լինեի»: Հիսուսի խոսքերը ակնարկում են ուղղակի Իր աստվածորդիությունը, բառիս բուն իմաստով, բայց Հովսեփն ու Մարիամը այդ մտքին չհանգեցին և այդ հասկացան ընդհանուր կերպով, թե ամեն հավատացյալի համար հորական տուն է տաճարը, քանի որ Աստված ամբողջ մարդկության հայրն է:

Մարիամը, որ հրեշտակի ավետիսն էր ընդունել, ծննդյան հրաշալի դեպքերին էր ականատես եղել, հրեշտակների, հովիվների և մոգերի երկրպագությունն էր տեսել, լսել էր Սիմոնի և Աննայի գուշակությունները, և Հովսեփը, որ Մարիամի իմացածներից բացի նաև հրեշտակային տեսիլքներ էր ունեցել, այդուհանդերձ, ավետարանչի խոսքի համաձայն, չկարողացան Հիսուսի խոսքերի ներքին իմաստը թափանցել: Բայց այդ պարագան դժվարություն պետք չէ, որ հարուցի: Բարձր խորհուրդների բացատրությունները սկզբում մեկուսացած են մնում և մեկը մյուսին չեն կապվում, մինչև որ ամեն ինչ չի լրանում և ավարտվելուց հետո ամբողջական դրության ձև չի ստանում: Առաքյալների վրա էլ նույն վիճակը տեսանք Ավետարանի առաջին քարոզության ժամանակ: