Նախորդ գլուխը՝
26. ԱՆԱՊԱՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։15-28
15 Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»:
16 Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք,
17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան:
18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց:
19 Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
20 նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»:
21 Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»: Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»: «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։
22 «Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»:
23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը», ինչպես ասաց Եսայի մարգարեն։
24 Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։
25 Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»:
26 Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում,
27 որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»:
28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում:
Հիսուսի Մկրտությունը Հռոմի 780 և մեր թվականության 27-ի սկիզբը՝ հունվար 6-ին դնելով, Նրա հրապարակ դուրս գալը ճշտելու համար 40 օր ևս պիտի ավելացնենք և պիտի հասնենք փետրվարի կեսը։ Այդ ընթացքում Հովհաննեսը շարունակում էր իր քարոզությունն ու մկրտությունը, ինչպես սկզբում, միայն թե փոխել էր Հիսուսի գալստյան մասին վկայության եղանակը։ Հիսուսի մկրտությունից առաջ նա սովորաբար ասում էր. «ով գալիս է ինձնից հետո» (Մատթ. 3։11) կամ թե «գալիս է ինձնից ավելի հզորը» (հմմտ. Ղուկ 3։16), բայց Հիսուսի մկրտությունը կատարելուց և երկնային նշանները տեսնելուց հետո սկսեց ասել. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ» (Հովհ. 1։15): Հիսուսի հայտնության վկայությունը Նոր Ուխտի հաստատության խորհուրդն է, ինչը որ հիշված է բացահայտորեն, որպես Հովհաննու վկայության բացատրություն։ Հիսուսի հայտնության լրանալով շնորհի փոխարեն շնորհ ունեցանք, ուխտի փոխարեն՝ ուխտ, Հնի փոխարեն՝ Նորը. Հինը օրենքի և ստվերականության ուխտ էր, որ Մովսեսի միջոցով տրվեց, Նորը՝ շնորհաց և ճշմարտության, որ Հիսուս Քրիստոսի ձեռքով հաստատվեց։ Նոր Ուխտով կատարյալ կերպով ճանաչեցինք Աստծուն, ոչ թե մեր տեսնելով, որ հնարավոր չէր, այլ Միածին Որդու կատարված հայտնությամբ։ Այս եզրակացության խոսքերը ոմանք Հովհաննես Մկրտչի կողմից ասված են համարում, ուրիշները՝ Հովհաննես Ավետարանչի գրչից բխած, որովհետև Ավետարանն էլ հստակ անցում չունի զանազանությունը զգալու համար։ Մեկ կամ մյուս տեսությամբ ընդունած ձևով էլ խոսքերի ուժը միևնույնն է մնում, սակայն բացատրության ոճին ու օգտագործված բառերին նայելով՝ ավելի Ավետարանչի գրչին է պատշաճում, քան Մկրտչի խոսքին։ Մանավանդ, որ Ավետարանիչը նոր հատվածը «Հովհաննեսի վկայությունն այս է» (Հովհ. 1։19) բացատրությամբ սկսելով, այնպիսի մի իմաստ է ուզում տալ, որ կարծես թե ասում էր՝ «բայց մենք Հովհաննեսի տված վկայությանը վերադառնանք»: