Մեծ պահքի ամենից սարսափազդու օրն է այսօր, որ կոչվում է «Գալստյան կիրակի»։ Այս կիրակին խորհրդանշում է Քրիստոսի Առաջին և Երկրերդ գալուստները։ Առաջին գալուստը Աստծո որդու մարդեղացումն է` այս մեղավոր երկրի վրա Աստծո ապրելը որպես կատարյալ մարդ։ Եվ քանի որ Հիսուսի մարդացման նպատակը մարդկության փրկությունն էր մեղքի «հիվանդությունից» և սատանայի իշխանությունից, այսօր մենք առավել քան երբևէ պիտի անդրադառնանք, թե որքանով արժնի եղանք աստվածային նմանօրինակ զոհողության։ Եսայի մարգարեն գրում է օրվա ընթերցվածի մեջ.
«Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին: Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում» (Ես. 66:3)։
Այս մասին փակագծերը բացում է ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս` ահազդու և դատափետիչ խոսքեր ուղղելով փարիսեցիներին և ի դեմս նրանց հենց մեզ (անպայման կարդալ` սեղմելով այստեղ)։ Մեր հոգու համար, սակայն, ողբերգությունն այն է, որ նրանց, ում վերաբերում են Առաջին գալստյան այս խոսքերը, պիտի դատվեն և դատապարտվեն Երկրորդ գալստյան ժամանակ, երբ պիտի լինի Աշխարհի վախճանն ու Մեծ դատաստանը. անհնազանդները պիտի նետվեն դժոխային կրակը և այրվեն անդադար, խոշտանգվեն որդերով ու գարշահոտությամբ, ինչպես փորձում է պատկերել այդ ահեղ տեսարանը Սուրբ Գիրքը։
Մյուս կողմից այս օրը ցնծություն է և ուրախություն այն հոգիների համար ովքեր ընտրել ու ապրում են Աստծո կամքի համաձայն։ Դատաստանի օրը նրանց պիտի չհասնեն Քրիստոսի ՎԱՅերը։ Երանի նրանց...
Եկեք այսօր ի սրտե աղոթենք ու ինքներս մեզ հաշիվ տանք, թե որքանով ենք արդարացնում Տիրոջ Առաջին գալուստը մեր հոգեւոր կյանքով եւ որքանով ենք պատրաստ Երկրորդ գալստյանը, որի օրն ու ժամը ոչ ոք չգիտի...
Աղոթենք Սուրբ Շնորհալու Հավատով խոստովանիմի 22-րդ աղոթքով (Աղոթքն ամբողջական գրաբար կամ աշխարհաբար կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Արդա՛ր Դատավոր,
երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին,
մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ,
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից
և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Օրհնվեք...