9.12.20

10. ՆԱԶԱՐԵԹԻՑ ԲԵԹՂԵՀԵՄ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՂՈՒԿԱՍ 2։1-5
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ 
2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ 
3 Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ 
4 Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ 
5 արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։ 

Հովսեփն ու Մարիամը օրինական ամուսնությամբ միացած, բայց աստվածային հայտնության պատճառով զգուշանալով ամուսնական կենակցությունից, ապրում էին Գալիլիայի Նազարեթ քաղաքում, երբ քաղաքացիական պարտավորության պատճառով հարկադրվեցին ուղևորվել դեպի Պաղեստինի հարավակողմը` Բեթղեհեմ քաղաք: Հռոմեացիների Օկտավիանոս  Օգոստոս կայսրը, Հռոմի 747 թվականին ընդհանուր խաղաղություն էր հաստատել և հռոմեական ազգային արարողության համաձայն կատարել էր Հանոսի տաճարի փակումը՝ անընդհատ տևող պատերազմների պատճառով, 205 տարի շարունակ բաց մնալուց հետո: Այդ խաղաղությունից օգտվելով ամբողջ կայսրության մեջ աշխարհագիր, այսինքն՝ ազգահամար կատարելու հրովարտակ էր հանել: Հրեաստանը Հռոմի կայսրության իշխանության ներքո էր, և Հերովդեսը, թեև թագավորի անուն ուներ, բայց կուսակալից ավելի իշխանություն չուներ՝ արդեն իսկ այդ անվանումը լոկ կուսակալի շնորհումով էր ստացել: Հետևաբար, Հրեաստանն էլ հռոմեական ուրիշ նահանգների պես աշխարհագրի պարտավորության տակ էր գտնվում, Ասորիքի մեծ բդեշխ Կյուրենիոսը (Օրմանյանի մոտ՝ Կյուրենես /Սրկ./) կամ Կուիրինոսը որպես Ասորիքին պատկանող մի գավառի Պաղեստինի աշխարհագրի վրա էլ պաշտոն ուներ: Այս աշխարհագիրը պետք չէ շփոթել իբր տասը տարի հետո վերստին հռչակված աշխարհագրի հետ, ինչպես ոմանք իրար հետ խառնելով ուզում են դժվարություն ստեղծել: Ժամանակի պատմիչները երկու աշխարհագիրներին բաժանում են իրարից: Ղուկասը ևս զատորոշելով դնում է. «Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ»:

Հռոմեական կայսրության մեջ աշխարհագիրները չէին ավարտվում լոկ մարդկանց հաշվելով, այլ այդ առիթով կարևոր տեղեկություններ էին հավաքվում ու կարգադրություններ արվում տուրքերի մասին. հպատակության երդումներ էին տրվում և ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, եթե դիրք, կարևորություն և հարստություն ունեին՝ առանձին էին գրվում: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ յուրաքանչյուրը, ոչ թե այնտեղ արձանագրվեր, որտեղ ապրում էր, այլ իր ծագման կամ ծննդյան վայրում պիտի անցներ աշխարհագրի տոմարների մեջ:

Հովսեփն աշխարհագրի համար պարտավորվեց Նազարեթից Բեթղեհեմ գնալ, ոչ միայն իր ծագման պատճառով՝ որպես Դավթի ցեղից սերած, այլև, հավանաբար, նաև իր ծննդյան պատճառով: Որովհետև ավանդությանը նայելով Հովսեփը ծնվել էր Բեթղեհեմում, ապա գնացել էր Նազարեթ և այնտեղ գործ և բնակություն հաստատել: Մարիամն էլ կարիք ուներ արձանագրվելու թե՛ որպես Հովսեփի կինը, և թե որպես Դավթի ցեղից սերված: Ուստի, երկուսն էլ միատեղ Նազարթեից ելան և բավականին կարևոր ճանապարհորդություն ձեռնարկեցին Բեթղեհեմ գնալու համար: Մարիամի հղի վիճակի պատճառով ճանապարհորդությունը չխափանվեց, որովհետև աշխարհագրի պայմանաժամը մոտ էր և այլևս հետաձգելու հնարավորություն չկար:

Ղուկասն այստեղ ևս Մարիամին կոչում է պարզապես Հովսեփի նշանածը (Օրմանյանի մոտ՝ խոսեցյալ /Սրկ./), նրա հղի լինելն էլ ավելացնելով, որպեսզի շեշտի կուսական հղության խորհուրդը և հեռացնի ամուսնական զուգակցության գաղափարը, ինչը որ առավել բացահայտորեն ասում է նաև Մատթեոսը, թե Հովսեփը «նրա հետ չհարաբերվեց»՝ այսինքն, Մարիամին:

Հաջորդ գլուխը՝

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...