11.2.18

ՄԵՐ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» - ԱՌԱՋԱԲԱՆ

Այս փոքր գրքի խորագիրը թերևս շատերի մեջ տարակույս առաջացնի, և ինձ նման մի տգետ կարող է հարցնել. «Ո՜վ անմիտ, երկրի վրա կարողանո՞ւմ ես շիտակ քայլել, որ երկինք էլ ես բարձրանում, և կամ երկնքում ի՞նչ ունես, մի՞թե երկինքը ճանապարհ ունի»:

Այո՛, ունի: Երբ մարդ մի տեղ է գնում, անշուշտ այդ տեղը տանող ճանապարհով է ընթանում, որպեսզի իր նպատակին հասնի: Երկինքը ևս, որ Աստծու արքայության տեղավայրն է, իր ճանապարհն ունի: Արդ, անհրաժեշտ է, որ փնտրենք ու գտնենք այդ ճանապարհը:

Ուրեմն ո՜վ մաքրամիտ ու ջերմեռանդ քրիստոնյա եղբայր կամ քույր, եթե մտադրվել ես երկնքի արքայություն ուղևորվել, այս փոքր գիրքը ձեռքդ վերցրու և ճամփա ընկիր: Ճանապարհի երկու կողմերում դու կանգնած կտեսնես քսաներեք զորավոր և իմաստուն մարդկանց. Մովսեսին, Դավթին, Սողոմոնին, Հոբին, Սիրաքին, Եսայուն, Երեմիային, Բարուքին, Եզեկիելին, Դանիելին, Ամովսին, Միքիային, Հովելին, Զաքարիային, Մաղաքիային, Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին, Հովհաննեսին, Պողոսին, Հակոբոսին, Պետրոսին և Հուդային (1): Սրանք միշտ կանգնած են այդ ճանապարհի վրա և առաջնորդում են այդ ճանապարհով ընթացողներին: Ճանապարհի վերջում նստած է Ինքը Քրիստոս, որ կանչում է. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, և Ես պիտի հանգստացնեմ ձեզ» (Մատթեոս ԺԱ 28): Թեպետ դու լսում ես այս ձայնը, բայց չես իմանում, թե ում ձայնն է: Ուստի քեզ անհրաժեշտ է, որ ճանապարհի վրա կանգնածներից հարցնես, թե ո՞ւմ ձայնն է, և կամ ինչպե՞ս կարելի է Նրա մոտ գնալ: Այնժամ նրանք մատով ցույց կտան ու կասեն. «Այն ձայնը Քրիստոսի ձայնն է, և Նրա մոտ գնալու շիտակ ճանապարհն էլ այս է: Եթե Նրա մոտ ես գնալու, այս ճանապարհն ամուր բռնիր ու գնա, որ Նրա մոտ հասնես»: Բայց նրանց ցույց տված ճանապարհը մի լայն ճանապարհ չէ, այլ քարքարոտ, փշոտ ու նեղ մի ճանապարհ է, ուստի չլինի թե ճանապարհի դժվարություններից երկնչելով՝ վախենաս առաջ գնալ և աջ ու ձախ շեղվես դյուրին ու լայն ճանապարհ գտնելու նպատակով: Այնժամ ճանապարհի վրա կանգնած մարդիկ իրենց ձեռքի գավազաններով կգանակոծեն քեզ: Այդ պատճառով դու միայն ունկնդիր եղիր քեզ կանչող ձայնին և ճիգ ու ջանք թափիր առաջ ընթանալու՝ Նրան ապավինելով, որպեսզի գնաս և քո նպատակին հասնես, այսինքն՝ Նրա մոտ, Ով նստած է երկնքի արքայության մեջ:



Արդարև, փիլիսոփայական գրքեր կարդացողների համար այս գրքույկը չի կարող իրենից արժեք ներկայացնել, որովհետև նրա նպատակը սոսկ խոնարհ ու նեղ ճանապարհ ցույց տալն է, բայց մասնավորաբար հայերի մեջ շատ ավելի հարգի պիտի լինի սա, որովհետև գրված է նրանց հարազատ լեզվով:

Թեպետ մտադիր չէինք այսքան երկար գրել, այլ մեր նպատակն էր շարադրել մի փոքրիկ քրիստոնեական տետրակ, որպեսզի դպրոցականները լավ հասկանան Քրիստոսի մարդեղությունը և Աստծու կամքը: Բայց ինչպես երևում է, Սուրբ Հոգով տոգորված՝ այսքան երկարեց ու ընդարձակվեց: Նախ սկսեցինք Սուրբ Հոգու՝ Կույս Մարիամի արգանդը իջնելուց՝ շարադրանքը հասցնելով մինչև Սուրբ Հոգու՝ Սիոնի Վերնատան մեջ՝ առաքյալների վրա իջնելը, հավաքեցինք և մի առ մի իրար հյուսեցինք այդ մասին եղած բոլոր մարգարեությունները: Նյութը հասկանալի դարձնելու նպատակով այն շարադրել ենք հարց ու պատասխանի ձևով: Առաջին հարցումը վերաբերում է Սուրբ Երրորդությանը, երկրորդ հարցումով հարցնողը ցանկանում է իմանալ Քրիստոսի Ով լինելը, և թե ինչ է նշանակում քրիստոնյա անվանումը: Ու երբ բավական բացատրեցինք, հարկ եղավ Քրիստոսի կամքն էլ հասկացնել, այդ պատճառով էլ մեր ճանապարհը երկարեց՝ աշխարհի վախճանին Քրիստոսի մյուս անգամ գալստյան և արդարների հավիտենական կյանքի նկարագրությամբ հասնելով այդ ճանապարհի վերին սահմանը: Եվ ապավինելով Սուրբ Հոգու շնորհներին, որքան բավեց մեր տկար միտքը, մեղքերից զգուշանալու նպատակով բազում խրատներ և օրինակներ բերեցինք՝ դրանք հաստատելով սուրբգրային վկայություններով: Արձանագրել ենք այդ վկայությունների գլխահամարներն ու թվահամարները, գրաբար վկայությունների հետ միասին բերել ենք դրանց աշխարհաբար թարգմանությունը (2): Չեք գտնի մի բացատրություն, որ հաստատված չլինի Սուրբ Գրքի վկայությամբ, այնպես որ ոչ մի քրիստոնյա ազգ չի կարող դեմ կանգնել այս գրքին, չնայած համերկրացիներից ոմանք հակառակվեցին, բայց չգիտեմ, թե ինչ պատճառով՝ չհասկանալո՞ւ, թե՞ նախանձելու: Դրա քննությունը թողնում ենք արդար Դատավորին և անաչառ դատաստանին: Այժմ նույն այդ հակառակվողներին մեր երախտավորն ու բարերարն ենք համարում, որովհետև եթե նրանք չհակառակվեին, մենք հոգ չէինք տանի սրա տպագրությանը, և այնպես անտիպ կմնար ու գուցե և կորչեր մեր բազմօրյա աշխատանքի այս պտուղը:

Եվ եթե մարմնասեր և աշխարհասեր մարդկանցից շատերը աստվածային պատվիրանների խստության պատճառով բամբասեն մեզ, ապա նրանք այդ անելու իրավունքը չունեն, որովհետև դրանք մեր հորինած խոսքերը չեն, այլ այս ճանապարհի վրա կանգնած մարդկանց կերտած գոհարներն են, որոնք մենք ծաղկաքաղ անելով մեկմեկու ենք ագուցել, և սրա համար, իհարկե, պարծենալու իսկ իրավունք չունենք, որովհետև մեզ համարում ենք աշխարհում եղած բոլոր մարդկանցից ավելի անարգ և մեղավոր: Ու թերևս հիշյալ սրբերի բարեխոսությամբ մեր աշխատանքը ապաշխարանք համարվի, և ամենակալ Աստված ների մեր բազմաթիվ հանցանքները:

Եվ եթե մի մարդ, որ չի փնտրում աշխարհիկ իմաստություն, այլ բացառապես հետամուտ է իր հոգու փրկությանն ու արքայության ճանապարհին, ենթադրում ենք, որ եթե այս գրքից զատ ուրիշ գիրք չկարդա էլ, նրան բավական է, որովհետև այս գիրքն ունեցողը ուրիշ գրքի կարիք չի ունենա: Քանզի արքայություն կարելի է գնալ միայն քրիստոնեությամբ: Սրան հավատում են բոլոր քրիստոնյաները, և նրանց անհրաժեշտ բոլոր խնդիրները մեկտեղված են այս գրքում:

Բայց եթե մեկն այս աշխարհում (ունայն) իմաստության, հարստության, ուրախության և հանգստության ճանապարհ փնտրի, դրանք չկան այստեղ, այլ այդ բոլորը թող հարսանքատանը գտնի: Այս ճանապարհի սկզբի դռնից մինչև վերջնասահմանի դուռը լեցուն է ողբով և տրտմությամբ:

Այս ճանապարհով քայլող մարդը մինչև նրա վերջնասահմանի դուռը պիտի գնա լալով և սգալով, ու երբ այն դռնից ներս մտնի, այնտեղ կգտնի հավիտենական, հարազվարճ ուրախություն, որովհետև թագավորների Թագավորը նրան պիտի դիմավորի և սրբի աչքերի արցունքները, պիտի վայր իջեցնի նրա մեջքի բեռը ու ասի. «Հավիտյան հանգստացիր, այս տեղերի արքան դու ես»: Ու նա հավիտյանս հավիտենից պիտի ուրախանա:

Թվում է՝ այս աշխարհում ուրախություն փնտրող մարդը նման է ինձ պես տգետ աղքատի, որ հարուստ հարևանից շորեր է վերցնում, հագնվում, զարդարվում է և հարսանիք գնում, մեկ կամ երկու օր ուտում, խմում, ուրախանում է հարսանքատանը, մոռանում իր աղքատությունը և շատ գիշերներ քաղցած անկողին մտնելը: Ու երբ վերջանում է հարսանիքը, տրտմությունը ծանրանում է իր վրա, որովհետև տեսնում է, որ այն երգերը և տեսակ-տեսակ կերակուրներն ու խմիչքները այլևս չկան: Եվ ինքը տխրությամբ տուն է վերադառնում, շորերը հանում, տիրոջն է վերադարձնում ու կրկին հագնում է իր հին շորերը, նստում և մտածում, թե երեկոյան ուտելիքը որտեղից պիտի հայթայթի, քաղցում է ու տեսնում, որ առավոտվա անուշ կերակուրներն այլևս չկան: Տան մեջ լոկ մի քանի գարեհաց է մնացել, որովհետև երկու օր է՝ աշխատանքի չի գնացել՝ հարսանիքում ուրախանալու պատճառով, նաև մի քանի օր էլ չի կարող աշխատանքի գնալ՝ հոգնած լինելու հետևանքով: Ահա այսպես տունը սովի է մատնվում, և սարսափելի անախորժություններն ու կռիվները հաճախակի են դառնում: Եվ այն աղքատի վերջին նեղությունը շատ ավելի վատ է լինում սկզբի նեղությունից, որովհետև քանի դեռ հարսանիք չէր գնացել, այդքան նեղություն չուներ. ահա այս պատճառով է Սողոմոնն ասում. «Սգո տուն գնալը հարսանիքի տուն գնալուց լավ է» (Ժող. Է 3):

Արդ, ո՛վ բարեմիտ քրիստոնյա եղբայրներ, չլինի թե մեր լեզվի կոպտության պատճառով չընդունեք ձեր հոգու փրկությանը առիթ դառնալիք այս գիրքը:

Պատմում են, որ մի լեռնաբնակ կոշտալեզու գյուղացի մի լուսատու քար է գտնում և այն նվիրում մի ազնվականի: Հակառակ գյուղացու տգեղ, կոշտ լեզվի՝ ազնվականն ընդունում է այդ պատվական ընծան: Նմանապես մենք մեր կոշտ լեզվով ու կոպիտ մատներով իրար փոխագուցեցինք զանազան հոգեշահ խրատներից կազմված այս մեծագին մարգարիտները և այժմ այն ընծայում ենք ձեր ազնվականությանը: Ուստի խնդրում ենք ձեզանից, որ անտեսեք այս գրքի լեզվի կոշտությունն ու վրիպակները, այլ խոսքերի իմաստին հետամուտ լինելով՝ ուշադրությամբ կարդաք և այս ճանապարհին հետևելով զգուշանաք մեղքերից, որպեսզի ամենակալ Աստծու շնորհով արժանի լինեք հավիտենական փառքի, հարազվարճ ուրախության և ցնծության:

Մանուկ վարժապետ Կակոսյան Կյուրինցի

—————————–

(1) Նկատի ունի Հուդա Տեառնեղբորը և ոչ թե Իսկարիովտացուն (Թրգմ.):

(2) Ներկա հրատարակության մեջ բերված է միայն աշխարհաբար թարգմանությունը (Թրգմ.):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...